Մատչելիության հղումներ

Էռնեստ Վարդանյանի համար իր ազատ արձակումը անսպասելի էր


Էռնեստ Վարդանյան
Էռնեստ Վարդանյան
Նախօրեին Մերձդնեստրի բանտից ազատ արձակված հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանն ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց, որ թեեւ ազատման հույսեր ունեցել է, սակայն ամենեւին չէր սպասում, որ իրադարձություններն այսչափ արագ կզարգանան:

«Երեկվա դեպքերը շատ արագ էին, շատ անսպասելի էին: Մի ժամվա ընթացքում իմ հարցը որոշվեց, այսինք ես նստած էի այնտեղ բանտում, եւ աշխատողները եկան, ասացին, որ իրերս արագ հավաքեմ, ինձ ազատ են արձակում, ու իրոք, մեկ ժամվա ընթացքում բոլոր հարցերը լուծվեցին, բոլոր փաստաթղթերը ստորագրվեցին, ու ես արդեն տանն էի», - ասաց Վարդանյանը:

Ծնունդով գյումրեցի, 31-ամյա Էռնեստ Վարդանյանը ձերբակալվել էր 2010 թվականի ապրիլին՝ լրտեսության եւ հայրենիքի դավաճանության մեղադրանքներով եւ դատապարտվել 15 տարվա ազատազրկման։ Լրագրողական եւ իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող մի շարք կազմակերպություններ շինծու էին համարում այդ մեղադրանքներն ու պնդում, որ դրանց հիմքում լրագրողի քննադատական եւ սուր հոդվածներն էին Մերձդնեստրի նախագահ Իգոր Սմիրնովի ու իշխող վարչակազմի հասցեին: Հայտարարություններ էին հնչում նաեւ այն մասին, որ Էռնեստ Վարդանյանի ինքնախոստովանական ցուցմունքները կորզվել են ճնշումների եւ սպառնալիքների ներքո: Վարդանյանը հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե իրո՞ք այդպես է եղել եւ որքանո՞վ էր հիմնավորված իր դատավճիռը:

Ավելի վաղ լրագրողի ճակատագրի վերաբերյալ լուրջ անհանգստություն էին հայտնել նաեւ Եվրախորհուրդը եւ ԵԱՀԿ-ն: Չնայած միջազգային կառույցների հորդորներին ու Վարդանյանի հարազատների դիմումներին, Մեձդնեստրի չճանաչված հանրապետության վարչակազմն, այդուամենայնիվ, պնդում էր, թե երկու երեխաների հորը վաղաժամկետ ազատ արձակելու հարցը կարող է քննարկել 2017 թվականից ոչ շուտ:

Մերձդնեստրի ղեկավար Իգոր Սմիրնովը, մինչդեռ, հինգշաթի հայտարարել էր, որ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ ներում է շնորհել Էռնեստ Վարդանյանին:

Նա ասաց, որ դեռեւս չի որոշել, թե առաջիկայում ինչով է զբաղվելու, եւ այժմ մտածում է միայն անազատության մեջ գտնվելու ընթացքում խաթարված առողջությունը վերականգնելու մասին:

«Դեռ չեմ ենթարկվել բժշկական քննության, բայց իրոք նյարդերս, սիրտս լավ չեն, ես այնտեղ առիթմիա վաստակեցի, մազերս արդեն ճերմակ են, չնայած որ 31 տարեկան եմ», - ասաց Վարդանյանը:

Լրագրողը ներկայումս շարունակում է ընտանիքի հետ բնակվել Մերձդնեստրի մայրաքաղաք Տիրասպոլում: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա չբացառեց, որ որոշ ժամանակ անց դարձյալ կվերադառնա լրագրության ոլորտ: Ասաց, թե դեռ դրա մասին չի մտածում:

«Պետք է մի քիչ ուշքի գալ», - ասաց նա` հավելելով, թե առաջիկայում ընտանիքի հետ անպայման այցելելու է Հայաստան` հանգստանալու:

please wait

No media source currently available

0:00 0:03:02 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG