Մատչելիության հղումներ

«Հայաստանը ներգրավված է ահաբեկչության դեմ միջազգային պայքարի բոլոր ոլորտներում»


Հայաստանի արտգործնախարարության շենքը
Հայաստանի արտգործնախարարության շենքը
Միջազգային տարբեր փաստաթղթերի շրջանակներում եւ տարբեր ձեւաչափերով Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ահաբեկչության դեմ մղվող միջազգային պայքարին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

«Կա ընդհանուր գործող 12 կոնվենցիա, որոնք ընդունված են ՄԱԿ-ի շրջանակներում: Կան նաեւ տարբեր փաստաթղթեր ընդունված միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսին են, ասենք, Եվրախորհուրդը», - մանրամասնեց ԱԳՆ-ի խոսնակը: - «Հիմնական աշխատանքը տարվում է ՄԱԿ-ի կոնվենցիաների շրջանակում, որով մենք պարտավորություն ենք վերցրել պարբերաբար զեկույցներ ներկայացնել մեր կողմից կատարված աշխատանքների մասին»:

Զեկույցները ներկայացվում են ոչ միայն արտգործնախարարության, այլեւ Հայաստանի ուժային, ֆինանսական կառույցների եւ պետական կառավարման հիմնարկների կողմից:

Տիգրան Բալայանի խոսքով, միջազգային ուժերի կազմում Աֆղանստանում խաղաղապահ գործողությունների մասնակցելը եւս տեղավորվում է ահաբեկչության դեմ միջազգային պայքարի տրամաբանության մեջ` դա եւս Հայաստանի որոշակի ներդրումն է այդ պայքարում:

«Մենք նաեւ տրամադրում ենք մեր օդային տարածքը դեպի Աֆղանստան թռչող այլ պետությունների օդանավերի համար` դա էլ է բավականին կարեւոր ներդրում համարվում», - հավելեց ԱԳՆ-ի խոսնակը` եզրափակելով. - «Հայաստանը ներգրավված է ահաբեկչության դեմ միջազգային պայքարի բոլոր ոլորտներում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG