Մատչելիության հղումներ

Համազեկուցողները «լուծման կարիք ունեցող խնդիրներ» են տեսնում Հայաստանում


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Աքսել Ֆիշերին հինգշաբթի օրը ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Համաձայն նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության` Ջոն Պրեսկոտը ասել է, թե մարտի 1-ի իրադարձություններից հետո ակնհայտ են այն փոփոխությունները, որ տեղի են ունենում, որոնք իրենք տեսնում եւ զգում են Հայաստանի նախագահի հետ իրենց հանդիպումների, զրույցների ժամանակ:

«Այս փոփոխությունները չափվում եւ գնահատվում են այն բանաձեւի եւ առաջարկությունների ներքո, որ մեր կողմից արվել են այդ կապակցությամբ: Պարո՛ն նախագահ, կարեւորն այստեղ քաղաքական կամքն է, որ դուք ցուցաբերել եք: Մենք արձանագրել ենք ձեր ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված այդ կամքը, փոփոխությունները, որոնք, իրոք, անհրաժեշտ են: Այդ փոփոխությունների մասին զեկուցել ենք նաեւ Վեհաժողովին», - ասել է Պրեսկոտը:

Համազեկուցողները այսօր հանդիպել են նաեւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին: Համաձայն ԱԺ-ից ստացված հաղորդագրության` Ջոն Պրեսկոտը բարձր է գնահատել Հայաստանում ընթացող բարեփոխումները եւ կարեւորել ԱԺ նախագահի դերը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով ստեղծված իրավիճակից հետո արձանագրված առաջընթացի հարցում:

Չնայած դրան, Պրեսկոտն այսօր Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ ավելի վաղ ունեցած հանդիպման ժամանակ, «որոշ դրական եւ ողջունելի փոփոխություններ» արձանագրելով հանդերձ, նշել էր, թե դեռ կան լուծման կարիք ունեցող խնդիրներ:

Պրեսկոտը դրական է գնահատել, որ որոշ մարդիկ համաներմամբ ազատ են արձակվել, սակայն ընդգծել է, որ դեռեւս կան անազատության մեջ գտնվող մարդիկ: Նա միեւնույն ժամանակ անհաջողություն է գնահատել այն փաստը, որ չհաջողվեց մարտյան իրադարձությունների առնչությամբ անկախ հետաքննություն իրականացնել:

« Հասարակությունը բավարարվում է, երբ տեսնում է, որ ճիշտ հետաքննություն է իրականացվել», - ասել է Պրեսկոտը:

Հինգշաբթի առավոտյան համազեկուցողները հանդիպեն են նաեւ իրավապաշտպաններ Ավետիք Իշխանյանի, Արթուր Սաքունցի եւ Ստեփան Դանիելյանի հետ: Նրանք վերջիններիս խնդրել են իրենց նկատառումները հայտնել Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի վերաբերյալ: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը իր խորը մտահոգություններն է փոխանցել` կապված Հայաստանում ժողովրդավարական ազատությունների շարունակական սահմանափակումների հետ:

Մամուլում այսօր հրապարակումներ կային այն մասին, թե համազեկուցողները երեկ բավականաչափ խիստ խոսակցություն են ունեցել ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամների հետ: Մեկնաբանելով այդ պնդումները` հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե համազեկուզողների հետ իրենց խոսակցությունը խիստ լինել չէր կարող, քանի որ իրենք, ի պատասխան նրանց հարցադրումների, «ներկայացնում են տեղեկատվություն, իսկ նրանք պարզապես լսում են»:

Հարությունյանը ներկայացրեց այն հիմնական հարցերը, որոնց վերաբերյալ տեղեկատվություն են ներկայացրել համազեկուցողներին:

«Խոսել ենք մի շարք օրենսդրական փաթեթների վերաբերյալ, դա Ընտրական օրենսգիրքն է, «Հավաքների ազատության» մասին օրենքը, «Ռադիոյի եւ հեռուստատեսության» մասին օրենքի հետագա զարգացումները: Խոսել ենք դատաիրավական բարեփոխումների մասին, մարտի 1-2-ի ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունների մշտադիտարկման մասին եւ ներկայացրել ենք տեղեկատվություն, թե ինչ ընթացք կա ազատազրկված անձանց հետ», - ասաց Հարությունյանը:

Համազեկուցողները այսօր հանդիպումներ են ունեցել նաեւ ուժային գերատեսչությունների ղեկավարների, Մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաեւ մարտի 1-ի զոհերի հարազատների հետ:

Դավիթ Հարությունյանը փոխանցեց, որ համազեկուցողները իրենց նախնական զեկույցը ամենայն հավանականությամբ կներկայացնեն արդեն մեկ շաբաթից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG