Մատչելիության հղումներ

Foreign Policy Centre. «Հայաստանում բարեփոխումները շատ դանդաղ են առաջ գնում»


Foreign Policy-ի «Հայաստանը` լուսարձակի տակ» ուսումնասիրության ղեկավար Ադամ Հագ
Foreign Policy-ի «Հայաստանը` լուսարձակի տակ» ուսումնասիրության ղեկավար Ադամ Հագ
«Չնայած մի շարք ոլորտներում, ընդ որում` առավել հաճախ թղթի վրա, քան իրականում, արձանագրված առաջընթացին` Հայաստանում բարեփոխումները շատ դանդաղ են առաջ գնում, ինչը խախլում է ժողովրդի հույսերն ու նկրտումները», - փաստում է Մեծ Բրիտանիայի հեղինակավոր փորձագիտական կենտրոններից մեկի` Foreign Policy-ի զեկույցը։

Ուսումնասիրելով Հայաստանի ներքաղաքական կյանքի ու արտաքին քաղաքականության վերջին զարգացումները` կոռուպցիայի դեմ պայքարից, կոալիցիոն նոր հուշագրից մինչեւ հայ - թուրքական հաշտեցում ու ղարաբաղյան խնդրի կարգավորում, փորձագետները հինգշաբթի օրը հրապարակած զեկույցում հայտարարում են. - «Չնայած բարեփոխումների մասին Սերժ Սարգսյանի վերջին բավական կարեւոր հայտարարություններին, իշխող կուսակցության քաղաքականությունը դրանց իրագործման համար վստահություն չի ներշնչում: Մտավախություն կա, որ փոփոխությունները հիմնականում կոսմետիկ բնույթ կկրեն` գալիք ընտրություններից առաջ իշխանության դիրքերը ամրապնդելու համար»։

«Կարծում եմ` միջազգային հանրությունը ակնհայտորեն արդարացված կասկածներ ունի Հայաստանի իշխանությունների կողմից հայտարարված բարեփոխումների վերաբերյալ, հաշվի առնելով այն, ինչ կատարվել է մինչ օրս», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ուսումնասիրության ղեկավար Ադամ Հագը` մանրամասնելով. - «Նայեք, օրինակ, թե ինչ է կատարվում մամուլի ազատության ոլորտում` կրճատվում է հեռուստաալիքների թիվը, սահմանափակվում է ընդդիմախոսների` եթերում երեւալու եւ լսելի լինելու հնարավորությունը, շարունակվում են հարձակումները լրագրողների նկատմամբ... Այս ամենը վստահություն չի ներշնչում, թե իշխանության կողմից բարեփոխումների մասին արված հայտարարությունները անկեղծ են»։

Հեղինակավոր փորձագիտական խմբի համոզմամբ, սեփական ժողովրդի եւ միջազգային հանրության վստահությունը վերագտնելու համար պաշտոնական Երեւանը պետք է առաջին հերթին էական փոփոխություններ իրականացնի երեք առանցքային ոլորտներում` արդարադատության համակարգ, խոսքի ազատություն եւ ժողովրդավարության զարգացում։

«Կոալիցիոն կուսակցությունների ստորագրած վերջին հուշագրի արդյունքում խորհրդարանի միակ ակնհայտ ընդդիմադիր կուսակցությունը` «Ժառանգություն»-ը, բոյկոտեց եւ լքեց նիստերի դահլիճը։ Սա առողջ զարգացում չէ Հայաստանի ժողովրդավարացման համար, եւ եթե նախագահ Սերժ Սարգսյանն իսկապես անկեղծ է եվրոպական չափանիշներին հավատարիմ լինելու` իր հավաստիացումներում, ապա պետք է ճանապարհ գտնի` ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության հետ երկխոսություն սկսելու համար», - ընդգծեց բրիտանական հեղինակավոր փորձագիտական խմբի ներկայացուցիչ, «Հայաստանը` լուսարձակի տակ» ուսումնասիրության ղեկավար Ադամ Հագը:

Զեկույցում փորձագետները նաեւ կոնկրետ քայլեր ու ծրագրեր են ներկայացնում, որոնք, ըստ նրանց, կարող են էականորեն փոխել իրավիճակը Հայաստանի կառավարման համակարգում: Այդ առաջարկները, մասնավորապես, հորդորում են կառավարությանն ու նախագահին հրաժարվել իրենց մի շարք լիազորություններից, օրինակ` մարզպետների, դատավորների, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների նշանակումից` այդ իրավունքները փոխանցելով Հայաստանի քաղաքացիներին, խորհրդարանին կամ անկախ մարմիններին։

Փորձագետները ընդգծում են, որ բարեփոխումների իրագործման ճանապարհին խիստ կարեւոր դեր ունի նաեւ միջազգային համայնքը, որը պետք է խստացնի վերահսկողությունը պաշտոնական Երեւանի նկատմամբ եւ, այսպես ասած, «մտրակի եւ բլիթի» քաղաքականությամբ խթանի բարեփոխումների ընթացքը։ Այս հարցում Foreign Policy-ի փորձագետները հատկապես առանձնացնում են Եվրամիության դերը` ընդգծելով, որ հենց այս կառույցն է Հայաստանի առեւտրային թիվ մեկ գործընկերն ու ֆինանսական ծրագրերի աջակիցը:

«Եվրամիությունը պետք է առավել բարձր եւ հրապարակային խոսի բարեփոխումներին աջակցելու իր պատրաստակամության մասին եւ դրանք դարձնի գերակա պայման` Հայաստանի իշխանություններին առեւտրի կամ վիզաների ոլորտում արտոնություններ առաջարկելիս։ Գուցե կառույցը շատ կարեւոր քայլեր է անում կուլիսներում, սակայն անհրաժեշտ է, որ այդ մասին իմանա նաեւ հասարակությունը», - ասաց բրիտանական հեղինակավոր փորձագիտական խմբի ներկայացուցիչ Ադամ Հագը` ընդգծելով. - «Անհրաժեշտ է, որ ողջ միջազգային համայնքի` Եվրամիության, Եվրախորհրդի, ԵԱՀԿ-ի ու Միացյալ Նահանգների արձագանքը Հայաստանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոտնահարումներին լինի խիստ, բայց արդարամիտ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG