Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի դեսպանը կոչ է անում ընդունել ընդդիմության քննադատությունը


ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչ
ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչ
ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը ընդգծում է «խորը եւ արմատական փոփոխությունների» անհրաժեշտությունը` Հայաստանում ժողովրդավարության խորացման եւ քաղաքական երկխոսության ակտիվացման համար:

Երկուշաբթի օրը Երեւանի պետական համալսարանում համալսարանական հանրությանը ներկայացնելով «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում» խորագիրը կրող զեկույցը, դեսպանը նշեց, որ ցանկացած պետության թիվ մեկ գերակայությունն իր քաղաքացիների համար անվտանգության ապահովումն է:

«Սակայն մենք տեսել ենք տարբեր ժամանակներում եւ տարբեր մայրցամաքներում, որ երբ քաղաքացիները չեն հավատում, որ իրենց կառավարությունը ներկայացնում է իրենց շահերը, ապա չի կարող ապահովվել իրական անվտանգություն», - ասաց դեսպան Յովանովիչը` հիշելով ամերիկացի մեծ գրող Մարկ Տվենի խոսքերը. - «Հայրենասիրությունը այն է, երբ մշտապես պաշտպանում ես քո երկիրը, իսկ կառավարությանը պաշտպանում ես միայն այն դեպքում, երբ արժանի է դրան»:

Ըստ դեսպանի` իրական անվտանգությունը սոսկ բռնության բացակայությունը չէ, այլ հնարավորությունների առկայությունը` լավ գործ ունենալու, ինչպես նաեւ մասնակցելու քաղաքական գործընթացներին: Յովանովիչի խոսքով, ինչպես տնտեսությունը չի կարող ծաղկում ապրել, երբ նոր գաղափարների մենաշնորհը կառավարության պաշտոնյաների ձեռքին է, այնպես էլ երկիրը կհայտնվի լճացման մեջ, եթե «ողջ իշխանությունը կառավարության ձեռքին է»:

Իր ելույթում դեսպանը, մեջբերելով նախագահ Սերժ Սարգսյանի այն խոսքերը, որ «Հայաստանի առաջընթացը պահանջում է ժողովրդավարության խորացում, քաղաքական երկխոսության ակտիվացում եւ եվրոպական չափանիշների հետեւողական ներմուծում պետական, հասարակական եւ տնտեսական կյանքի բոլոր ոլորտներ», ասաց թե, պարզ է, որ լուծումը խոսքի ազատության կամ գաղափարների հասանելիության սահմանափակումը չէ կամ այդ գաղափարների պաշտպանության նպատակով քաղաքացիների հանրահավաքներ անցկացնելու իրավունքի սահմանափակումը: Ըստ նրա` լուծումը նույնիսկ ընդդիմադիրներից եկող քննադատությունը լրջորեն ընդունելը եւ դրանց արժանիքների շուրջ հրապարակավ բանավիճելն է:

«Քաղաքացիներն ինչքան շատ տեղեկություն ունենան, այդքան ավելի լավը կլինեն նրանց կայացրած որոշումները: Մենք կարող ենք լինել ճիշտ կամ սխալ, սակայն միայն Հայաստանի ժողովուրդն է, որ իրավասու է եզրահանգում անել` բոլորի համար ազատ բանավեճի ու ազատ եւ արդարացի ընտրությունների միջոցով», - հայտարարեց դեսպանը:

Մարի Յովանովիչը կարծում է, որ ժողովրդավարության խորացման եւ քաղաքական երկխոսության ակտիվության համար անհրաժեշտ է բարեփոխումներ իրականացնել Հայաստանի օրենքներում, կարգավորել հասարակական կազմակերպությունների ոլորտը եւ ՀԿ-ների պաշտպանության ասպարեզում կիրառել միջազգային լավագույն փորձը, խրախուսել բարեգործական ու կամավորական աշխատանքը, ինչպես նաեւ ՀԿ-ներին թույլատրել եկամուտներ ապահովող որոշակի տեսակի գործունեություն ծավալել` իրենց առաքելությունն իրականացնելու եւ կառավարության հետ աշխատելու անհրաժեշտ միջոցներ ձեռք բերելու նպատակով:

Դեսպանն ասաց, որ այս ամենին հասնելու համար պահանջվում է, որ օրենքը հավասար եւ հետեւողական կիրառվի անխտիր բոլորի նկատմամբ, որ խաղաղ, օրինական հավաքները չցրվեն, ինչպես նաեւ ԶԼՄ-ներին առնչվող կանոններ, որոնք հանրության համար լսելի ձայների ու գաղափարների շրջանակը առավել կընդլայնեն` օգտագործելով տեխնիկական առաջընթացի ընձեռած աննախադեպ հնարավորությունները, որոնք կպաշտպանեն ԶԼՄ-ներին ցանկացած կողմից եկող քաղաքական ճնշումներից, որպեսզի եթերը արդարացիորեն հասանելի լինի տարբեր գաղափարների ու կարծիքների համար:

«Դրա համար կպահանջվի, որ հանցագործները, որոնք հարձակումներ են գործում լրագրողների վրա, բռնվեն եւ պատասխանատվություն կրեն: Դրա համար կպահանջվի, որ կառավարությունը, Հայաստանի հանրային հեռուստատեսությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ոստիկանությունը, քաղաքական կուսակցությունները ապահովեն հետագա ընտրությունների համապատասխանությունը ոչ միայն միջազգային ստանդարտներին, այլ նաեւ դրանց համապատասխանություն Հայաստանի ժողովրդի պահանջներին ու ակնկալիքներին», - ասաց դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG