Մատչելիության հղումներ

Շվարցենեգերը պատրաստվում է վերադառնալ կինեմատոգրաֆ


Առնոլդ Շվարցենեգեր
Առնոլդ Շվարցենեգեր
Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը պահում է տարիներ առաջ ֆիլմում տված իր խոստումը` «Ես կվերադառնամ»:

Twitter-ի իր միկրոբլոգում Շվարցենեգերը հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ կինեմատոգրաֆ` գրելով. - «Հրաշալի նորություն. իմ ընկերները CAA դերասանների գործակալությունից արդեն 7 տարի է ` ինձ հարցնում են, թե երբ կարող են ինձ ֆիլմում նկարահանվելու լուրջ առաջարկներ ներկայացնել, եւ ահա այսօր ես նրանց համար կանաչ լույս վառեցի»:

Իր միկրոբլոգում Շվարցենեգերը չի մանրամասնել, թե ինչ դերի մասին կարող է խոսք լինել, սակայն դեռ այս տարվա սկզբին հայտնի է դարձել, որ նախկին նահանգապետը մի քանի սցենար է ուսումնասիրում:

Ինչպես ենթադրվում է, դերասանը կարող է նկարահանվել Ռենդալ Ուոլեսի «Արծվի թեւերով» ֆիլմում, որում Շվարցենեգերը մարմնավորելու է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների գերմանացի զինվորի կերպարը, ում հանձնարարում են երեխաների սպանել, սակայն նա չի ենթարկվում հրամանին եւ իր կյանքը վտանգի ենթարկելով` փրկում է նրանց:

Բրիտանական լրատվամիջոցների տեղեկություններով, Շվարցենեգերը ներկայումս ակտիվորեն աշխատում է իր վրա, իր ֆիզիկական վիճակն է վերականգնում, որպեսզի նոր ֆիլմում նկարահանվելու համար պատրաստ լինի:

Միեւնույն ժամանակ, 63-ամյա դերասանը վերջերս տված հարցազրույցում խոստովանել է, որ մարտաֆիլմերում դերերը` հետապնդումներով եւ կռվի տեսարաններով, արդեն իր համար չեն` տարիքի պատճառով, եւ ապագայում պետք է առավել հանգիստ ֆիլմեր ընտրի:

«Երկաթյա Առնին» 30 տարիների ընթացքում մի քանի տասնյակ ֆիլմերում է նկարահանվել, սակայն համաշխարհային հռչակ նրան բերել է Ջեյմս Քեմերոնի հայտնի «Տերմինատոր» ֆիլմը:

Մեկ շաբաթ առաջ Շվարցենեգերը հայտնել էր, որ 7 տարի Կալիֆորնիայի նահանգապետի պաշտոնում անցկացնելով` 200 միլիոն դոլարի վնաս է կրել. իր հաշվարկներով` հենց այդքան նա կարող էր աշխատել այդ ընթացքում ֆիլմերում նկարահանվելով:

Շվարցենեգերը պաշտոնից հեռացավ այս տարվա հունվարի սկզբին: Նրա պաշտոնավարման ավարտը համընկավ ԱՄՆ-ի ամենամեծաթիվ բնակչությունն ունեցող նահանգի` Կալիֆորնիայի համար ամենեւին էլ ոչ լավ ժամանակներին, երբ նահանգը տնտեսական ճգնաժամի ազդեցությունն էր կրում, իսկ նահանգապետի վարկանիշն էլ ընկած էր:

Հայկական համայնքի համար, սակայն, Շվարցենեգերի պաշտոնավարման տարիները աչքի ընկան որոշակի ձեռքբերումներով: 2005 թվականին նահանգային խորհրդարանի ընդունած եւ Շվարցենեգերի ստորագրած օրենքով ապրիլի 24-ը ընդգրկող շաբաթը մշտապես սահմանվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրեր նահանգում: Այդուհանդերձ, ամեն տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա շեմին Շվարցենեգերը հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG