Մատչելիության հղումներ

Փետրվարի 11-ի մամուլ


Ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի փորձագետները, ինչպես հայտնի է, եզրակացրել են, որ Հայաստանում Եգիպտոսի իրադարձությունների կրկնությունը քիչ հավանական է: «Ժամանակ»-ի խմբագրականն այս կապակցությամբ նկատում է. - «Ամենեւին չկասկածելով այդ հեղինակավոր վերլուծական կենտրոնի փորձագիտական կոմպետենտությանը` այդուհանդերձ հետաքրքիր կլիներ պարզել, թե արդյոք կենտրոնի փորձագիտական որեւէ ուսումնասիրություն որեւէ անգամ կանխատեսե՞լ է, որ Թունիսում կամ Եգիպտոսում կարող են տեղի ունենալ իրադարձություններ, որոնք կցնցեն թե’ արաբական աշխարհը, թե’ աշխարհն ընդհանրապես: Առակը ի՞նչ կցուցանե: Այն, որ ինչպես պետք է զգույշ լինել Եգիպտոսի իրադարձություններից ոգեւորվելուց եւ Հայաստանում դրանց կրկնություն կանխատեսելուց, այդպես էլ պետք է զգույշ լինել Հայաստանում այդպիսի իրադարձությունների հավանականությունը բացառելուց կամ դրանք գրեթե անհավանական համարելուց»:

«Առավոտ»-ի հետ զրույցում Stratfor-ի գնահատականին է անդրադառնում նաեւ Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարցերի հանձնախմբի անդամ Վլադիմիր Կարապետյանը: «Ինչպես լինում է շատ հաճախ, այս անգամ էլ գործ ունենք մի մեկնաբանության հետ, որը արվել է հեռվից` առանց հայաստանյանի իրողությունների ծանոթ լինելու: Երբ Strarfor-ի փորձագետը նշում է բողոքի միջոցառումներին ցածր մասնակցության մասին, նա անտեսում է իրողությունները: Այսպես, ՀԱԿ-ի վերջին երթին (դեկտեմբերի 10-ին) մասնակցեց շուրջ տասը հազար քաղաքացի: Միայն այս փաստը հաստատում է, որ կա'մ ինֆորմացիայի պակաս կա Stratfor-ում, կա'մ մեկնաբանությունը ուղղորդված է: Ինչ վերաբերում է ոգեւորությանը, բնական է, որ մի իրավիճակում, ուր հաղթում է ժողովրդի կամքը, դա չի կարող անտեսվել աշխարհի կողմից: Հայաստանի ժողովուրդն էլ բացառություն չէ: Կարող եմ ասել, որ ես իշխանության ներսում եմ տեսնում խուճապի դրսեւորումներ, իսկ մենք` ՀԱԿ-ը, անելու է իր նախօրոք ծրագրած հանրահավաքը, որը ակնկալում ենք` բավական հաջողված է լինելու: Միեւնույն ժամանակ, կարծում եմ, մեր ժողովուրդը հետեւություններ է արել այն իրադարձություններից, որոնք տեղի ունեցան Եգիպտոսում: Մենք, բնականաբար, դասեր ենք քաղում, եւ վստահ եմ, որ իշխանությունները եւս դրանցից դասեր են քաղում», - ասում է Կարապետյանը:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Հայաստանին ռուսաստանյան գազ մատակարարող Հյուսիս-Հարավ մայր գազատարի վրացական հատվածի բաժնետոմսերի 25 տոկոսը շատ շուտով աճուրդի կհանվի Լոնդոնի բորսայում: Այս մասին երեկ տեղեկացրել է Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խեթագուրին: Միաժամանակ նա հավաստիացրել է, որ բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի վաճառք նախատեսված չէ»: «Թեպետ վրացական կողմը առայժմ խոսում է միայն բաժնետոմսերի 25 տոկոսը վաճառելու շուրջ, սակայն դա դեռ չի նշանակում, որ որոշ ժամանակ անց որոշում չի կայացվի բաժնետոմսերի մյուս մասնաբաժինը մասամբ կամ ամբողջությամբ վաճառելու շուրջ: Բաժնետոմսեր գնելու ցանկություն են հայտնել ռուսաստանյան «Գազպրոմ»-ը, ղազախական «Կայմունայգազ»-ը եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (ԱՊՆԸ): Նշված երեք հավակնորդներից առավել մեծ շահագրգռվածություն է հանդես բերում ադրբեջանական ընկերությունը: Բաքվում չեն էլ թաքցնում, որ նշված գազատարը իրենց առավելապես հետաքրքրում է ոչ տնտեսական նպատակահարմարությունից ելնելով: Բաքվում ցանկանում են դա օգտագործել իբրեւ Հայաստանի վրա ճնշում գործադրելու հզոր լծակ: Իսկ ԱՊՆԸ նախագահ Ռովնաղ Աբդուլլաեւը մի քանի շաբաթ առաջ նույնիսկ հասկացրել է, որ գազատարը գնելու դեպքում այն այլ նպատակով է օգտագործվելու` ակնարկելով, որ դրանով Հայաստանն այլեւս գազ չի ստանա», - գրում է թերթը:

«Երկիր» օրաթերթի խմբագրականում կարդում ենք. - «Վրաստանում տնտեսական ճգնաժամից դուրս գալու քայլերը բավական արդյունավետ են: Այնտեղ, օրինակ, մինչեւ 55 հազար դոլար շրջանառություն ունեցող փոքր բիզնեսը, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտը ազատված են հարկերից: Կարծես` ամեն ինչ պարզ է. ստեղծվում են նպաստավոր պայմաններ ներդրումների ներգրավման, փոքր բիզնեսի խթանման, կարեւոր նշանակություն ունեցող ոլորտների զարգացման համար: Շատ էլ բարդ չէ նույնիսկ ոչ տնտեսագետի համար: Էլ չենք խոսում կոռուպցիայի դեմ պայքարի հաջողված փորձի մասին: Իսկ ի՞նչ է անում Հայաստանի կառավարությունը: Ձեռնարկվում են քայլեր ճիշտ հակառակ ուղղությամբ: Ապացույցը` պարբերաբար տարբեր սոցիալական խավերի բողոքի ակցիաները: Մեր «գիտուն» կառավարությունը որոշել է ամեն գնով լուծել այս պահին բյուջեն լցնելու խնդիրը` առանց գիտակցելու, որ մարդիկ կարող են մի պահի ուղղակի այլեւս չդիմանալ. կամ` բունտ, կամ` արտագաղթ: Իսկ գործարարները, զզվելով այս ամենից, ուղղակի տեղափոխում են իրենց կապիտալը այլ` գործարարության համար ավելի հարմար պայմաններ ստեղծած երկրներ»:

please wait

No media source currently available

0:00 0:04:39 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG