Մատչելիության հղումներ

Խոդորկովսկու մասին ֆիլմի բնօրինակը գողացվել է


Միխայիլ Խոդորկովսկին դատարանի դահլիճում, 30-ը դեկտեմբերի, 2011թ.
Միխայիլ Խոդորկովսկին դատարանի դահլիճում, 30-ը դեկտեմբերի, 2011թ.
ՅՈւԿՕՍ նավթային ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկու մասին պատմող վավերագրական ֆիլմի պրեմիերան կկայանա փետրվարի 14-ին` Բեռլինի կինոփառատոնում, ինչպես եւ ծրագրված էր, չնայած վավերագրական այդ ֆիլմի բնօրինակը գողացվել է, «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ֆիլմի ռեժիսորը` Սիրիլ Տուշին:

Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի օրը: Ռուսաստանի երբեմնի ամենահարուստ մարդու` այժմ անազատության մեջ գտնվող Խոդորկովսկու մասին պատմող ֆիլմի վերջնական մոնտաժված տարբերակը գողացել են ռեժիսորի` Բեռլինում գտնվող գրասենյակից:

Ինչպես պատմել է Տուշին, ինքը ցնցված էր, երբ պարզեց, որ անհայտ անձինք կոտրել են իր բեռլինյան գրասենյակի դուռն ու գողացել համակարգիչները, որոնցից մեկում էլ պահվում էր ֆիլմի վերջնական մոնտաժված 100 րոպեն:

Ռեժիսորն ասել է, որ չգիտի, թե ով է կանգնած այս գողության հետեւում: «5 դուռ են կոտրել եւ 5 համակարգիչներ են տարել մոնտաժի սենյակից, ֆիլմի վերջնական մոնտաժված տարբերակն այդ համակարգիչներից մեկում էր», - նշել է նա:

Տուշին վստահեցրել է, որ կաշխատի հնարավորինս արագ վերականգնել ֆիլմը` նախկին տարբերակներից, որոնք պահպանել է պահուստային սերվերի վրա, եւ ցուցադրությունը կկայանա փետրվարի 14-ին, ինչպես որ նախատեսված էր:

Սա Խոդորկովսկու մասին պատմող ֆիլմի հետ կապված առաջին միջադեպը չէ:

Սիրիլ Տուշիի նոութբուք համակարգիչը, որ պարունակում էր ֆիլմի նախնական տարբերակը, կրկին գողացվել էր` մի քանի շաբաթ առաջ:
Ոստիկանությունը քննում է երկու դեպքն էլ եւ դեռ որեւէ վարկած առաջ չի քաշում, սակայն այս գողությունները պարարտ հող են ստեղծում Կրեմլի հնարավոր մասնակցության վերաբերյալ վարկածների համար:

Ֆիլմի նկարահանումների եւ մոնտաժի համար 5 տարի է պահանջվել: Այն նկարահանվել է Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Իսրայելում, Միացյալ Նահանգներում:

Այս ֆիլմը, ինչպես ներկայացնում է ռեժիսորը, պատմություն է Խոդորկովսկու մասին ամենասկզբից` նրա կոմերիտական կյանքից մինչեւ ներկա ժամանակները:

Տուշին ասում է` իր համար կարեւոր էր ցույց տալ այդ կերպարի ուժն ու հակասական բնույթը: «Եթե ես պաշտպանում եմ Խոդորկովսկուն հիմա, դա չի նշանակում, որ նա դրական կերպար է կամ բացասական: Ես ֆիլմ եմ նկարահանել` փորձելով հասկանալ նրան», - ասել է Տուշին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Ռուսական արմատներով գերմանացի ռեժիսորը նկարագրել է Խոդորկովսկուն որպես շատ կենտրոնացած եւ կայուն մարդ:

«Ես իրոք շատ տպավորված էր նրա կենտրոնացած բնույթից, նրա գրեթե բուդդիստական հանգստությունից եւ շատ հստակ պատասխաններից: Նա իրոք յուրահատուկ աուրա ունի: Ինչն էր ինձ ամենաշատը ապշեցրել` որ բանտում, ճաղերի հետեւում այսքան երկար ժամանակ գտնվելով` այդքան իմաստուն կեցվածք ուներ ուներ», - ընդգծել է Տուշին:

Ռեժիսորը հայտնել է, որ ֆիլմը նկարելու համար դրամաշնորհ է ստացել Գերմանիայի կառավարությունից, մի մասն էլ իր սեփական միջոցներով է արել, սակայն հետաքրքիրն այն է, նշել է Տուշին, որ Կրեմլը, բնականաբար, մտածում էր, թե Խոդորկովսկին է իրեն վճարում, իսկ Խոդորկովսկին կարծում էր, թե` Կրեմլը:

Միխայիլ Խոդորկովսկու հարաբերությունները Ռուսաստանի նախկին նախագահ, ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ վատթարացան, երբ Խոդորկովսկին հրապարակայնորեն քննադատեց նրան եւ սկսեց ֆինանսավորել ընդդիմադիրներին:

2003 թվականին Խոդորկովսկին ձերբակալվեց եւ 8 տարվա ազատազրկման դատապարտվեց հարկերից խուսափելու մեղադրանքով: Այժմ, երբ լրանում էր նրա պատժի ժամկետը, Խոդորկովսկին եւս 6 տարվա ազատազրկման է դատապարտվել երկրորդ քրեական գործով` հափշտակության եւ փողերի լվացման մեղադրանքով: Նրա փաստաբաններն այժմ բողոքարկում են դատավճիռը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG