Մատչելիության հղումներ

Փետրվարի 8-ի մամուլ


Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի կապակցությամբ 1in.ам-ի մեկնաբանը գրում է . - «Քոչարյանը հերթական անգամ խախտել է լռությունն ու հերթական անգամ հարցազրույց տվել «Մեդիամաքս» գործակալությանը: Ի դեպ, հետաքրքրական է, որ Քոչարյանը նախընտրում է միայն այդ լրատվամիջոցով շփվել հասարակության հետ, իսկ մյուսներին երեւի թե մտադիր է հերթով դատի տալ եւ իր ապրուստը ապահովել»:

«Դատական տեռո՞ր». այսպիսի հարցադրում է անում «Երկիր» օրաթերթը` անդրադառնալով «Հայկական ժամանակ»-ի նկատմամբ երեք գործարար պատգամավորների հայցով կայացված դատավճռին եւ գրում. - «Թերթի դեմ երեք գործարար պատգամավորների ներկայացրած հայցի կապակցությամբ դատարանի կայացրած որոշումը խիստ մտահոգիչ ու վտանգավոր է: Այն նախադեպ է ստեղծում` ցանկացած լրատվամիջոցի պատասխանատվության ենթարկելու այնպիսի տեղեկատվության համար, որի փաստացի աղբյուրը ինքը չի հանդիսանում: Այսինքն` այսուհետ որեւէ մեկը որեւէ լրատվամիջոցի կարող է ինչ-որ բան ասել ինչ-որ մեկի մասին, բայց դրա համար պատասխանատվության ենթարկվի ոչ թե տեղեկատվության իրական կրողն ու թերթին տրամադրողը, այլ փոխանցողը: Եթե լրատվամիջոցը իմանար ու չբացահայտեր տեղեկատվության աղբյուրը, ապա նման վճիռը ոչ միայն տեղին, այլեւ արդարացված կլիներ: Խնդիրը հասցված բարոյական վնասի չափի մեջ չէ, ոչ էլ «Հայկական ժամանակ»-ին պաշտպանելու կամ չպաշտպանելու: Ավելի սկզբունքային հարց կա. սրանից հետո ոչ մի լրատվամիջոց չի կարող ազատ լինել տեղեկություններ հավաքելու եւ տարածելու հարցում: Մինչդեռ դրանք ոչ միայն օրենսդրորեն, այլեւ սահմանադրորեն պաշտպանված իրավունքներ են: Այս վճիռը դամոկլյան սուր է ազատ խոսքի, մամուլի գլխին»:

Կինոռեժիսոր, «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ Տիգրան Խզմալյանը «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում վերլուծելով 2008 թվականի մարտյան իրադարձությունները` ասում է. - «Այդ իրադարձությունները նման զարգացում ունեցան ոչ թե իշխանության հաջողությամբ պայմանավորված, այլ ընդդիմության մեղքով: Իշխանությունը պատրաստ էր փախչելու: Դրա մասին էին վկայում օդանավակայանում շարժիչները միացրած կանգնած ինքնաթիռները, այդ օրերին առկա բանկային հաշիվների խուճապահար շարժերը եւ վերջին ռեսուրսը` վարձկանների օգտագործումը, քանի որ ո'չ բանակը, ո'չ ոստիկանությունն իրականում չէր պատրաստվում ժողովրդի, սեփական ընտանիքների հետ կռիվ մղել»: Մեղավորության հիմնական պատճառներից մեկը, ըստ Խզմալյանի, այն էր, որ այն ժամանակվա ընդդիմադիր առաջնորդները թերացան կարեւորագույն մեկ գործում` հասարակությանը ցույց չտվեցին պարզ այլընտրանքը. - «Շատ դեպքերում մի քանի անունների փոխարեն բերվում էի այլ անուններ, որոնց հետ կապվում էին համարյա կրոնական հավատքի հասնող հույսեր, հույզեր, իսկ դա բավարար չէ: Իշխանափոխությունը չի կարող նպատակ լինել, դա միջոց է: Երբ մենք կարողանանք սոցիալական համակարգը փոխել ու հաստատել սոցիալական արդարություն, այն ժամանակ կսկսենք նոր շարժումը դեպի այն Հայաստանի Հանրապետությունը, որի մասին երազում էին 1988-ին եւ որն իր վերջո կառուցելու ենք միգուցե երրորդ փորձից», - ասում է Տիգրան Խզմալյանը:

«Հայկական էլեկտրաէներգիան ի վերջո կարող է հասնել Թուրքիա», - ազդարարում է «Կապիտալ» օրաթերթը եւ մանրամասնում. - «Հայկական էլեկտրաէներգիան հայ-թուրքական սահմանի փակ լինելու պայմաններում Թուրքիա կարող է արտահանվել Վրաստանով։ «Գազպրոմի» մասնագետներն արդեն ուսումնասիրում են Հրազդանի ջէկի 5-րդ էներգաբլոկի արտադրվելիք էլեկտրաէներգիայի վաճառքի հնարավոր շուկաները, այդ թվում՝ թուրքական շուկան»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG