Մատչելիության հղումներ

Մերձավոր Արեւելքում Թուրքիան ընկալում են որպես օրինակելի պետություն


Թուրքիայի եւ Եվրամիության դրոշները Ստամբուլում
Թուրքիայի եւ Եվրամիության դրոշները Ստամբուլում

Մերձավոր Արեւելքի խոշոր երկրներում մարդկանց մեծ մասը Թուրքիան ընկալում է որպես օրինակելի պետություն, որն ապացուցել է` իսլամն ու ժողովրդավարությունը կարող են գոյատեւել կողք-կողքի, փաստում է թուրքական հեղինակավոր փորձագիտական կենտրոնի անցկացրած հարցումը:

Թուրքիայի տնտեսական եւ սոցիալական ուսումնասիրությունների հիմնադրամը հետազոտությունը անցկացրել է 2010 թվականի օգոստոս - սեպտեմբեր ամիսներին` մինչ Թունիսում տեղի ունեցած «հասմիկների» հեղափոխությունը եւ մինչ Եգիպտոսում ծագած ներկայիս վիճակը:

Հարցմանը մասնակցել է 2 հազար 300 մարդ` Սաուդյան Արաբիայից, Եգիպտոսից, Իրաքից, Իրանից, Հորդանանից, Լիբանանից, Սիրիայից եւ Պաղեստինից:

Արաբական այդ երկրներում հարցվածների 66 տոկոսը համարում է, որ Թուրքիան կարող է օրինակ ծառայել ողջ Մերձավոր Արեւելքի համար, նույնքան հարցվածներ էլ կարծում են, որ Թուրքիան իսլամի եւ ժողովրդավարության համատեղման հաջող մոդել է:

Որպես պատճառ, թե ինչու են Թուրքիան որպես մոդել ընկալում, հարցվածների 15 տոկոսը նշել է Թուրքիայի իսլամական բնույթը, մինչդեռ ուրիշները նշել են տնտեսությունը, ժողովրդավարությունը եւ այն հանգամանքը, որ Թուրքիան պաշտպանում է պաղեստինցիների եւ մահմեդականների իրավունքները:

Նրանք, ովքեր չեն համարում Թուրքիան օրինակելի երկիր, կարծում են, որ այն չափազանց աշխարհիկ է, եւ մատնանշում են այդ երկրի սերտ հարաբերություններն Արեւմուտքի հետ:

Հարցվածների 63 տոկոսը կարծում է, որ Թուրքիայի ազդեցությունը Մերձավոր Արեւելքում վերջին տարիներին աճել է:

78 տոկոսը վստահ է, որ պաշտոնական Անկարան պետք է ուժեղացնի իր դիրքերը, մասնավորապես` ակտիվացնի իր դերակատարությունը իսրայելա - պաղեստինյան հակամարտության հարցում:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ էրդողանը արդեն վաղուց արաբական աշխարհի համակրանքն է վայելում Իսրայելի հանդեպ իր քննադատական վերաբերմունքով եւ բացահայտ աջակցությամբ պաղեստինցիներին` Իսրայելի հետ հակամարտությունում:

Հետազոտությունը փաստում է, որ Իսրայելի բոցաշունչ քննադատությամբ եւ պաղեստինցիների եռանդուն պաշտպանությամբ էրդողանը իր համար հերոսի կոչում է վաստակել արաբական աշխարհում: Նրա իսլամիստական հիմք ունեցող կառավարության ներքո արաբական երկրների եւ Իրանի հետ կապերը տպավորիչ վերածնունդ են ապրել, պաշտոնական Անկարան ստանձնել է միջնորդական դեր տարածաշրջանի հակամարտություններում եւ իր հարեւանների հետ ստորագրել է տնտեսական համագործակցության ու վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագրեր:

Թուրքիան առաջատարներից է այն երկրների ցուցակում, ուր հարցվածները հաճախ են գնում հանգստանալու, բացի այդ` 78 տոկոսը նշել է, որ դիտել է առնվազն մեկ թուրքական սերիալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG