Մատչելիության հղումներ

Փորձագետները գնահատում են եգիպտական զարգացումների ազդեցությունը Հայաստանի վրա


Եգիպտոս -- Եգիպտացիները հավաքվում են Կահիրեի Թահրիր հրապարակում` հերթական հակակառավարական ցույցի, Կահիրե, 1-ը փետրվարի, 2011թ.
Եգիպտոս -- Եգիպտացիները հավաքվում են Կահիրեի Թահրիր հրապարակում` հերթական հակակառավարական ցույցի, Կահիրե, 1-ը փետրվարի, 2011թ.
Վերջին օրերին մամուլում եւ սոցիալական կայքերում քննարկվող առանցքային թեմաներից է Եգիպտոսում զարգացող ներքաղաքական իրադարձությունների համադրումը Հայաստանում առկա իրողությունների հետ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեքշաբթի օրը համոզմունք հայտնեց, որ Եգիպտոսում, իսկ ավելի վաղ` նաեւ Թունիսում ծավալված իրադարձություններն անպայմանորեն իրենց ազդեցությունն են ունենալու հարավկովկասյան տարածաշրջանի վրա:

«Առկա են բազմաթիվ նմանություններ: «Արաբական» հեղաշրջումների պարագայում հսկայական դերակատարություն է ունեցել բնակչության լայն զանգվածների մեծ դժգոհությունը իշխող ռեժիմներից` պայմանավորված բնակչության հիմնական քաղաքական եւ տնտեսական պահանջմունքների հետեւողական անտեսմամբ: Նույն իրականությունն առկա է նաեւ Հայաստանում», - կարծիք հայտնեց Ռիչարդ Կիրակոսյանը:

«Անշուշտ, առկա են նաեւ տարբերություններ», - ասում է վերլուծաբանը, - «Եգիպտոսի եւ Թունիսի ժողովուրդները տասնամյակներ տեւած դժգոհությունից հետո վերջապես արթնացել են: Մինչդեռ Հայաստանում բնակչությունը թեեւ ծայրահեղորեն բեւեռացված է, սակայն ցայժմ հեղափոխության ճանապարհով գնալու որեւէ նշան ցույց չի տվել»:

Նկատելով, որ Եգիպտոսի եւ Հայաստանի միջեւ որոշ ընդհանրություններ կան` կոռուպցիայի բարձր մակարդակը, կառավարման ցածր որակը, սոցիալական բեւեռվածությունը, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, այդուհանդերձ, էական տարբերություններ է տեսնում երկու երկրների միջեւ:

«Եգիպտոսը տիպիկ ավտորիտար երկիր էր, որտեղ 30 տարի իշխանության էր գտնվում մի մարդ, որը չէր հանդուրժում այլակարծությունը: Ուղղակի ազդեցություն` Եգիպտոսի իրադարձությունները Հայաստանի վրա ունենալ չեն կարող: Հայաստանը կիսաավտորիտար երկիր է, եւ քաղաքացիները արտահայտվելու բազմաթիվ հարթակներ ունեն` ինտերնետ, տպագիր մամուլ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետը:

«Այդուհանդերձ, Եգիպտոսն անուղղակիորեն կարող է ներազդել հայկական իրականության վրա, քանի որ ջախջախվեց երկու կարծրատիպ», - ասաց Սուրենյանցը` պարզաբանելով` առաջինը ժամանակին Հայաստանում ամենավերեւներից իջեցված այն մտայնությունն է, թե դեմոկրատիայի համար համապատասխան մենթալիտետ է անհրաժեշտ, ինչը մեր պարագայում առկա չէ, եւ երկրորդը` «բացահայտվեց «մեր դեմ խաղ չկա» արատավոր սկզբունքի սնանկությունը»:

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կոնտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը երկու երկրները բնորոշող ամենաէական նմանություններից է համարում այն, որ թե՛ եգիպտական հասարակությունը, թե՛ հայաստանյան հասարակությունը, հատկապես երիտասարդները, ապագա չեն տեսնում իրենց երկրում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում փորձագետները անդրադարձան նաեւ երկու երկրների ներքաղաքական զարգացումներում բանակի դերին:

Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, Եգիպտոսում բանակը վճռորոշ նշանակություն ունի երկրի ներքին կյանքում: Հայաստանում, ի տարբերություն Եգիպտոսի, բանակի ուշադրությունը բեւեռացած է հարեւան երկրից բխող վտանգին:

«Թե՛ Եգիպտոսում, թե՛ Հայաստանում բանակները ունեն շատ մեծ հասարակական, քաղաքական նշանակություն, բայց ի բարեբախտություն արաբ ժողովրդի` Եգիպտոսում բանակը հայտարարեց իր չեզոքության մասին», - կարծիք հայտնեց Սուրեն Սուրենյանցը:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը նախ` հիշեցրեց, որ երկու երկրների բանակներն էլ թրծվել են հակամարտությունների բովում, ապա հավելեց. - «Եգիպտոսի բանակը թույլ չտվեց, որ իրեն դարձնեն ներքաղաքական գործիք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG