Մատչելիության հղումներ

Եգիպտոսում ձերբակալվել են հակակառավարական ցույցերի հարյուրավոր մասնակիցներ


Եգիպտոսում երկրորդ օրն է շարունակվում բողոքի ցույցերի ալիքը, չնայած իշխանությունների նախազգուշացումներին, որ հանրահավաքների մասնակիցները քրեական պատասխանատվության կենթարկվեն։

Եգիպտոսի իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ երեքշաբթի եւ չորեքշաբթի օրը Կահիրեում, Ալեքսանդրիայում եւ այլուր տեղի ունեցած բողոքի ակցիաների շուրջ 860 մասնակիցներ ձերբակալվել են։

Երեքշաբթի օրը ցուցարարների եւ անվտանգության ծառայությունների միջեւ տեղի ունեցած բախումների արդյունքում 4 մարդ էր զոհվել` 3 ցուցարար Սուեզում, եւ 1 ոստիկան՝ Կահիրեում։

Թահրիր հրապարակում երեկ գիշեր բազմահազարանոց հանրահավաք էր անցկացվել, մարդիկ դուրս էին եկել փողոց` պահանջելով նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը, ով երկիրը ղեկավարում է 1981 թվականից: Ցուցարարները պահանջում են նաեւ ցրել խորհրդարանը, բարձրացնել աշխատավարձերը, վերացնել երկրում հայտարարված արտակարգ դրությունը:

Եգիպտոսում երիտասարդների մի զանգված կա, որ սոցիալական ցանցերն է օգտագործում համախմբվելու եւ կապ պահպանելու համար եւ Եգիպտոսի ավանդական քաղաքական ուժերի հետ առնչություն չունի: Եգիպտոսի իշխանությունները արգելափակել են մի քանի կայքեր, այդ թվում` Twitter միկրոբլոգային սոցիալական ցանցը։ Տեղեկություններ կան, որ այժմ չի գործում նաեւ Facebook սոցիալական ցանցը:

Շատ ցուցարարներ աջակցում են եգիպտական ընդդիմադիրներին` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին ղեկավար, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մոհամեդ Էլ-Բարադեյի, ով իր թեկնածությունն է առաջադրելու աշնանը սպասվող նախագահական ընտրություններում:

Արաբական որոշ լրատվամիջոցներ, հղում անելով սոցիալական ցանցերում հայտնված տեղեկատվությանը, այսօր հայտնել են, որ Եգիպտոսի նախագահի որդին եւ ժառանգորդը` Ջամիլ Մուբարակը, ընտանիքով լքել է Եգիպտոսը եւ փախել Լոնդոն: Սակայն Լոնդոնում Եգիպտոսի դեսպանատունը հերքել է այդ լուրը:

Վերլուծաբանները փաստում են, որ Թունիսի «Հասմիկների հեղափոխությունը» որոշակի ազդեցություն է թողել եգիպտական իրադարձությունների վրա։

Եգիպտոսում բողոքի ցույցերն արդեն միջազգային հանրության ուշադրությունն են գրավել: ԱՄՆ–ը եւ Եվրամիությունը կոչ են արել Եգիպտոսի իշխանություններին հարգել իր քաղաքացիների իրավունքները:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Կահիրեում գործող «Հուսաբեր» օրաթերթի վարչության անդամ Սուրեն Բայրամյանը փոխանցեց, որ ընդհանուր առմամբ վիճակը երկրում հանգիստ է, Եգիպտոսի հայկական համայնքը` շուրջ 10 հազար հոգի, ցույցերին չի մասնակցում, զոհվածների թվում հայկական համայնքի ներկայացուցիչներ չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG