Մատչելիության հղումներ

Հունվարի 22-ի մամուլ


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի Երեւան այցի կապակցությամբ «Ժամանակ»-ը գրում է. - «Այս այցը հետաքրքրական է նրանով, որ դրա մասին նախապես չէր հայտարարվել շաբաթներ առաջ, ինչպես տեղի է ունենում սովորաբար: Ավելին, Սահակաշվիլիի հնարավոր այցի մասին, ընդ որում` փետրվարի ժամկետով, առաջին անգամ գրեց ռուսական մամուլը` «Վզգլյադը», նույնիսկ նշելով այցի պատճառները` Հայաստանի ձեռնարկատերերի կողմից վրացական բրենդների օգտագործման խնդիր: Բայց ինչպես տեսնում ենք, Սահակաշվիլին ոչ թե փետրվարին է գալիս, այլ գալիս է այսօր: Ընդ որում` գալիս է բավական հետաքրքրական երթուղով, եւ ըստ էության, բավական հետաքրքրական մի ժամանակաշրջանում: Նա գալիս է Միացյալ Նահանգներից, ուր այցելել էր օրերս: Հայաստանը, փաստորեն, երկրորդ երկիրն է, ուր Սահակաշվիլին այցելում է. Նահանգներ, իսկ մի քանի օր անց` Հայաստան: Եվ հետաքրքրական է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, որում կայանում է այցը: Խոսքը ներքաղաքական նոր ֆենոմենի` Կարապետիչի «հեղափոխականության» մասին է: Այդ համատեքստում հատկապես հետաքրքրական է դառնում այն, որ երեկ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդի հետ է հանդիպել Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը եւ քննարկել է Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Տպավորությունն այնպիսին է, որ ԱՄՆ-ն այս օրերին Սահակաշվիլիի միջոցով ինչ-որ մեսիջներ է փոխանցում իշխանությանը, իսկ դեսպան Յովանովիչի միջոցով ինչ-որ մեսիջներ է փոխանցում Հայ ազգային կոնգրեսին»:

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է. - «Երեկ քաղաքապետարանի աշխատակիցները Մալաթիա տոնավաճառի մոտ գտնվող տաղավարների տերերից պահանջել են հավաքել տաղավարներում եղած ապրանքը, ապա հրահանգել բանվորներին քանդել տաղավարները: Նրանց տաղավարները, ովքեր հրաժարվել են հավաքել ապրանքը, քանդվել են ապրանքը մեջները լցրած: Սա Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի մաքրասիրության հերթական դրսեւորումն է եւ համարվում է բացօթյա առեւտուրը արգելելու նրա որոշման կատարում: Ըստ առեւտրականների, մոտ 150 ընտանիք եւս երեկ զրկվեց ապրելու միջոցից: Կրպակներ ունեցող քաղաքացիներին քաղաքապետարանի ներկայացուցիչները հորդորել են մտնել շուկա: «Ո՞վ է գալիս Մալաթիայի շուկա գրենական պիտույքներ գնելու, խաղալիք գնելու, ես մտնեմ շուկա, ի՞նչ անեմ», - հարցնում էր առեւտրականներից մեկը: Նրանք այդպես շվարած մի քանի ժամ կանգնել են կրպակների մոտ, ապա ստիպված հեռացել: Նմանատիպ գործողություն քաղաքապետարանի աշխատակիցները երեկ իրականացրել են նաեւ Երեւանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի ստորգետնյա անցումում»:

Օմբուդսմեն Արմեն Հարությունյանի առաջիկա պաշտոնաթողության եւ ՄԱԿ-ի համակարգում վերջինիս աշխատանքի անցնելու կապակցությամբ «Երկիր»-ը գրում է. - «Դժվարանում ենք միանշանակ պնդել` Հայաստանը կկորցնի՞, թե՞ կշահի իր այս զավակի առաջխաղացումից եւ միջազգայնացումից, բայց միանշանակ է, որ հանրապետությունում մնացած ազգաբնակչությունը ո՛չ գիտի ՄԻՊ-ն ինչ է, ո՛չ էլ պատրաստվում է իմանալ: Երբ ասում ես` ՄԻՊ եւ բացում հապավումը, այդ ազգաբնակչությունը, արդեն իր կամքից անկախ, հասկանում է, որ այդ պաշտոնը նախատեսված է ոչ թե իր, այլ առանձին անհատի կամ մարդկանց խմբի իրավունքները պաշտպանելու համար: Ոչ ավելին: Իսկ մեր ազգաբնակչությունը պաշտպանության կարիք ունեցող որեւէ խմբի մեջ իրեն չի տեսնում: Ինչո՞ւ: Առաջին պատճառը, հավանաբար, ՄԻՊ ինստիտուտի չկայացած լինելն է: Ավելին ասենք` իշխանությունների հետ նրա սերտաճածությունը: Իսկ այն ամենը, ինչ սերտաճած է իշխանությունների հետ, ժողովուրդն ամենամեծ ցանկության դեպքում էլ իրենը չի համարում: Հայաստանում, գոնե, այդպես է: Պատճառներից երկրորդը լեզուն է: Արմեն Հարությունյանը, չնայած առաջին հայացքից վատ չէր խոսում հայերեն, իր պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում այդպես էլ մի հոդաբաշխ խոսք չասաց, որ հասկանալի լիներ մարդուն, այսինքն նրան, ում իրավունքների պաշտպանն էր իր պաշտոնե»:

Անդրադառնալով գյուղացիական տնտեսությունները խոշորացնելու անհրաժեշտության մասին գյուղնախարարի վերջին հայտարարությանը` «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. - «Այդ ինչպե՞ս պատահեց, որ մի քանի տարի առաջ հող մշակելը ձեռնտու էր, ու հիմա ձեռնտու չէ: Չլինի՞ այդ ընթացքում մարդկանց հողակտորները փոքրացել են, կամ, գյուղատնտեսական արտադրանքն է կտրուկ էժանացել: Իհարկե ոչ: Տեղի է ունեցել այն, որ մի քանի անգամ բարձրացել են ոռոգման ջրի, վառելիքի, պարարտանյութերի ու թունաքիմիկատների գները, եւ այդ ամենն արվել է իշխանությունների անմիջական հովանավորությամբ: Դե եթե իշխանություններն այդքան մտածում էին գյուղացիների մասին` թող վերահսկեին ոլորտը, թույլ չտային այդպիսի թանկացումներ, դոտացիաներ տրամադրեին, գյուղմթերքների մեծածախ շուկաներ ստեղծեին, որպեսզի Երեւանի շուկաների «նայողները» չթալանեին նույն այդ գյուղացիներին: Հիմա ինչո՞ւ հանկարծ մտահոգվեցին ու որոշեցին «միավորել ֆերմերային տնտեսությունները»: Բացատրենք: Բանն այն է, որ գյուղացիները, գիշեր-ցերեկ չարչարվելով, այնուամենայնիվ կարողանում են վաստակել իրենց մի կտոր հացը: Իսկ իշխանությունները սա ընկալում են որպես բիզնես, որտեղ իրենք փայ չունեն, կամ իրենց փայը քիչ է»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG