Մատչելիության հղումներ

Հայաստանը մասնակցում է Լուկաշենկոյի երդմնակալության արարողությանը


Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը 2006 թվականի ապրիլի 8-ին
Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը 2006 թվականի ապրիլի 8-ին
Ուրբաթ օրը Մինսկում տեղի է ունենալու վիճահարույց ընտրությունների արդյունքում դեկտեմբերին Բելառուսի նախագահ վերընտրված Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը:

Արարողությանը մասնակցելու մասին հայտարարել են 32 երկրների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը նույնպես կմասնակցի Լուկաշենկոյի երդմնակալության արարողությանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւս մասնակցելու է Բելառուսի նախագահի երդմնակալության արարողությանը:
Գագիկ Ծառուկյան
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը, «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարը արարողությանը մասնակցելու է Լուկաշենկոյի անձնական հրավերով` որպես նրա մտերիմ ընկեր:

Մամուլում տեղեկություն կար, թե Մինսկ է մեկնելու նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, սակայն, տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է Երեւանում եւ Բելառուսի նախագահի երդմնակալության արարողությանը չի մասնակցի:

Մինսկում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Սուրիկովը ստացել է հրավեր եւ մասնակցելու է Լուկաշենկոյի երդմնակալության արարողությանը: Այդ մասին ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել են Բելառուսում Ռուսաստանի դեսպանատնից:

Մինչդեռ, ինչպես հայտնի է դարձել հինգշաբթի օրը, եվրոպական դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները չեն մասնակցի Բելառուսի նախագահի երդմնակալության արարողությանը:

Եվրամիության արտաքին կապերի եւ անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի մամլո գրասենյակը հայտնել է, որ այս բոյկոտը բողոքի նշան է` Եվրամիության կարծիքով` կեղծված ընտրությունների եւ դրանցից հետո ընդդիմադիրների ու քաղաքացիական հասարակության վրա կատարված ճնշումների դեմ:

Լուկաշենկոյի պաշտոնակալության արարողությանը չի մասնակցելու նաեւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչը:

Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները հայտարարել էին, որ չեն ընդունում դեկտեմբերի 19-ին Բելառուսում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները:

Եվրախորհրդարանը հինգշաբթի օրը ընդունած բանաձեւում Բելառուսի նախագահական ընտրությունները համարում է կեղծված եւ կոչ անում նոր` արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնել` ԵԱՀԿ-ի չափանիշներին համապատասխան:

Եվրախորհրդարանը նաեւ առաջարկում է Եվրամիությանը քաղաքական եւ տնտեսական կոշտ պատժամիջոցներ կիրառել Բելառուսի նկատմամբ, մասնավորապես` արգելել Լուկաշենկոյի եւ բարձրաստիճան պաշտոնյաների մուտքը Եվրամիության տարածք, զրկել Բելառուսին ֆինանսական վարկավորումից եւ Արեւելյան գործընկերության ծրագրին մասնակցությունից, այդ երկրում չանցկացնել հոկեյի 2014 թվականի աշխարհի առաջնությունը:

Պատժամիջոցները, ըստ եվրոպացի խորհրդարանականների, պետք է գործեն առնվազն մինչեւ Բելառուսում բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը:

Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին որոշումը պետք է կայացնեն Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները, որոնք հանդիպելու են հունվարի 31-ին Բրյուսելում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG