Մատչելիության հղումներ

Հայերեն զգուշացնող գրություններ Գլենդեյլի փողոցներում


Պակասեցնելու համար հետիոտների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը` Գլենդեյլի իշխանությունները նոր զգուշացնող գրություններ են տեղադրում խաչմերուկներում: Այդ զգուշացումը գրված է երեք լեզուներով` այդ թվում եւ հայերեն:

Անգլերեն Look, իսպաներեն Mirar եւ հայերեն «Նայիր» բառերը սպիտակ ներկի եւ տրաֆարետի միջոցով արագորեն հայտնվում են Գլենդեյլի փողոցների գլխավոր խաչմերուկներում` հետիոտների անցումների մոտ:

«Բառերն ու դրանց կողքին նկարված սլաքը նպատակ ունեն անցումի վրա սեւեռել վարորդների եւ հետիոտների ուշադրությունը եւ ստիպել նրանց առավել զգույշ լինել», - գրում է Glendale News պարբերականը:

«Վիճակն ինքն իրեն չի լավանա, մենք պետք է անենք մեզնից կախված ամեն ինչ եւ նույնիսկ ավելին, պետք է մարդկանց կրթենք եւ շոկի ենթարկենք, որ նրանք ավելի ապահով լինեն` թե' վարորդները եւ թե' հետիոտները», - ասել է Գլենդեյլի հանրային աշխատանքների ղեկավար Սթիվ Զըրնը:

Նա հավելել է, որ զգուշացնող գրությունների տեղադրումը Գլենդեյլի փողոցներում իրենց ծրագրի միայն մի մասն է, ընդհանուր առմամբ շուրջ 250 հազար դոլար է նախատեսված իրազեկման եւ նախազգուշական աշխատանքների համար:

Զըրնը ներկայացրել է նաեւ իրենց նախորդ նախաձեռնությունը, երբ ամիսներ առաջ վթարի հետեւանքով ջախջախված երկու մեքենաներ էին տեղադրվել բանուկ խաչմերուկներում` պաստառների միջոցով հորդորելով վարորդներին նվազեցնել արագությունն ու մեքենա վարելիս չշեղվել sms հաղորդագրություններ գրելու վրա:

Գլենդեյլում, որի բնակչությունը շուրջ 250 հազար հոգի է, որից 100 հազարը` հայեր, 2010 թվականի ընթացքում, ոստիկանության տեղեկություններով, ավելի քան 2 հազար 300 ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել: Դրանց հետեւանքով 6 զոհ է եղել, 660 հոգի տարբեր վնասվածքներ են ստացել:

Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը ասել է, որ քաղաքը պետք է իր բոլոր հնարավորություններն օգտագործի ` կանխարգելելու ճանապարհատրանսպորտային պատահարները եւ հատկապես նվազեցնելու հետիոտնի մասնակցությամբ դեպքերի թիվը:

«Սահման կա, եւ մենք արդեն այս սահմանին հասել ենք: Մենք իրոք պետք է այս հարցը բարձրացնենք եւ դարձնենք մեր համայնքի գլխավոր առաջնահերթությունը, քանի որ մենք կորցնում ենք երեխաներ, ծերեր եւ հաշմանդամներ, եւ վարորդների կյանքն էլ կործանվում է, երբ նրանք պատահարի պատճառ են դառնում», - Glendale News-ին ասել է Արա Նաջարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG