Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի քաղաքացին Իրանում ձերբակալվել է լրտեսության մեղադրանքով


Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ, Իրանի սահմանապահները ձերբակալել են Միացյալ Նահանգների քաղաքացի մի կնոջ, ով կասկածվում է լրտեսության մեջ:

55-ամյա Հալլ Թալայանը ձերբակալվել է Հայաստանին սահմանամերձ Նորդուզ բնակավայրում,
ուր նա եկել էր Հայաստանից` առանց մուտքի արտոնագրի:

Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ ձերբակալման պահին կնոջ մոտ հայտնաբերվել են լրտեսական սարքավորումներ:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ որեւէ մեկնաբանություն չեն կարող տալ այս տեղեկատվության վերաբերյալ, քանի որ սահմանի այդ հատվածը հսկում են ռուս սահմանապահները:

CBS լրատվական գործակալությունը փոխանցում է, որ չնայած այս տեղեկությունը հաղորդել են մի շարք տեղական լրատվամիջոցներ, Իրանի խոշոր լրատվամիջոցները կամ պետական հեռուստաընկերությունը այս մասին որեւէ հաղորդում չեն ունեցել:

Մեկնաբանությունից զերծ է մնացել նաեւ Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարը:

«Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայության թղթակիցների փոխանցմամբ, առաջինը Հալի Թալայանի ձերբակալության մասին լուրը տվել է «Նասիմ նյուզ» լրատվական կայքը, որը շատ հայտնի չէ Իրանում:

Եթե ձերբակալության մասին լուրերը հաստատվեն, ապա Հալլ Թալայանը կլինի Իրանում ձերբակալված 4-րդ ԱՄՆ-ի քաղաքացին:

Ներկայումս իրանական բանտում երկու ձերբակալված ամերիկացի զբոսաշրջիկներ կան` Ջոշ Ֆաթալը եւ Շեյն Բաուերը, ովքեր սպասում են փետրվարի 6-ին կայանալիք դատավարությանը: Նրանք մեղադրվում են Իրանի տարածք ապօրինի մուտք գործելու եւ լրտեսության մեջ:

Նրանց հետ ձերբակալված երրորդ ամերիկացի զբոսաշրջիկը` Սարա Շուրդը, սեպտեմբերին կես միլիոն դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել` առողջական վիճակի կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG