Մատչելիության հղումներ

Եվս մեկ հեղինակավոր մրցանակ հանձնվեց դատարկ աթոռին


Սախարովի անվան մրցանակի հանձնման արարողությունը Եվրախորհրդարանում, Ստրասբուրգ, 15-ը դեկտեմբերի, 2010թ.
Սախարովի անվան մրցանակի հանձնման արարողությունը Եվրախորհրդարանում, Ստրասբուրգ, 15-ը դեկտեմբերի, 2010թ.
Չորեքշաբթի օրը Ստրասբուրգում` Եվրախորհրդարանում կայացել է Անդրեյ Սախարովի անվան մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Ինչպես եւ Խաղաղության Նոբելյան մրցանակի դեպքում` դափնեկիրը չի կարողացել մասնակցել արարողությանը:

Դեռ հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ Եվրամիության «Մտքի ազատության» հեղինակավոր մրցանակին արժանացել է կուբացի այլախոհ Գիլյերմո Ֆարինյասը, սակայն դեկտեմբերի 15-ին մրցանակը հանձնվել է դատարկ աթոռին. Կուբայի իշխանությունները չեն թույլատրել Ֆարինյասին մեկնել Ֆրանսիա` մրցանակը ստանալու:

Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը, ելույթ ունենալով արարողությանը, ասել է. - «Այժմ մրցանակակրին դիպլոմ շնորհելու ժամանակն է, ցավոք, մենք ստիպված ենք այս դիպլոմը դնել դատարկ աթոռին, սակայն թույլ տվեք մեր բոլորի անունից մեր մրցանակակրին մաղթել ավելի շատ ուժ եւ քաջառողջություն, ինչպես եւ հաջողություն ազատության համար իր պայքարում, եւ հույս հայտնել, որ ապագայում նա կկարողանա այստեղ` Եվրոպական խորհրդարան գալ եւ անձամբ ստանալ մրցանակն ու դիպլոմը»:

Հայտնի կուբացի այլախոհը Սախարովի անվան մրցանակի է արժանացել մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում իր գործունեության համար: Հոգեբանական գիտությունների դոկտոր, լրագրող 48-ամյա Ֆարինյասը ավելի քան 11 տարի անցկացրել է բանտերում եւ ավելի քան 20 անգամ հացադուլ է հայտարարել:

Եվրոպական խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ դատարկ աթոռը միայն ընդգծում է մրցանակի անհրաժեշտությունը:

«Սախարովի մրցանակը Եվրոպական խորհրդարանի այցեքարտն է նրանց համար, ովքեր ողջ աշխարհում պայքարում են մարդու իրավունքների համար: Այս սրահի կենտրոնում դրված դատարկ աթոռը խորհրդանշում է, թե որքան անհրաժեշտ է այս մրցանակը», - ասել է Բուզեկը:

Ինքը Գիլյերմո Ֆարինյասը մրցանակի հանձնման նախօրեին հարցազրույց է տվել Reuters լրատվական գործակալությանը` նշելով. - «Եթե Կուբայի իշխանությունները կարծում են, որ մենք կթուլացնենք մեր գործունեությունը իրենց այս մերժումից հետո, նրանք սխալվում են: Մենք կշարունակենք իրականացնել ազատության մեր իրավունքը նույնիսկ բանտարկության գնով, նույնիսկ մեր կյանքի գնով, եւ մենք կշարունակենք դատապարտել այն սխալները, որ կարծում ենք` Կուբայի կառավարությունն թույլ է տալիս երկրի ներսում եւ դրանից դուրս»:

Անցած շաբաթ 2010 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը, որ շնորհվել է չինացի այլախոհ Լյու Սյաոբոյին, Օսլոյում կայացած արարողության ժամանակ կրկին հանձնվեց դատարկ աթոռին, քանի որ չինացի այլախոհը գտնվում է անազատության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG