Մատչելիության հղումներ

Հարձակում «Հանրապետություն» կուսակցության գրասենյակի վրա


«Հանրապետություն» կուսակցության գրասենյակը հարձակումից հետո, Երեւան, 13-ը դեկտեմբերի, 2010թ.
«Հանրապետություն» կուսակցության գրասենյակը հարձակումից հետո, Երեւան, 13-ը դեկտեմբերի, 2010թ.
Օրերս անհայտ անձինք ներխուժել են Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության գրասենյակ, ինչից տուժել է, մասնավորապես, կուսակցության ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի առանձնասենյակը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Զեյնալյանը, վերադառնալով Վաշինգտոն գործուղումից` երկուշաբթի առավոտյան նա մտել է գրասենյակ եւ տեսել կոտրված ապակիները` թափված գետնին: «Համակարգչիս մոնիտորն է տարված, եւ արտառոց ձեւով դանակով կամ որեւէ սուր գործիքով կտրված է մալուխը, որը կարելի էր ուղղակի պնդօղակները թուլացնել եւ հանել-տանել: Կոտրված են բոլոր կողպեքներով դռները, որտեղ պահում եմ իմ փաստաթղթերը, դրանք են բոլորը կոտրված, քրքրված: Իհարկե, զարմանալիորեն տեղում է թողնված գրենական պիտույքների համար նախատեսված գումարը, որ գտնվում էր դարակում` առանձնապես մեծ գումար չէ, բայց ձեռք չէին տվել, թողել էին: Դրա փոխարեն, շատ զարմանալի է` տարել են խոհանոցում գտնվող սուրճի տուփերը: Տարվել է արբանյակային հեռուստաալիքների կոդազերծող սարքը, իսկ մնացած բաները` դեռ պարզված չէ, մենք դեռ ընթացքում գույքագրում կանենք եւ կպարզենք` ինչ է պակասել: Եվ նաեւ կփորձենք միացնել համակարգիչը` ճշտելու համար` արդյո՞ք այն միացվել է եւ դրա միջից ինֆորմացիա վերցվել է, թե՞ ոչ», - ասաց ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը:

«Տվել ենք հաղորդում հանցագործության մասին, ոստիկանությունում արձանագրված է, եւ նաեւ վերցրել են մատնահետքեր` նույնականացնելու եւ հնարավոր հանցագործին բացահայտելու համար», - հայտնեց Զեյնալյանը:

Նա հնարավոր համարեց, որ դեպքը տեղի ունեցած լինի ուրբաթ օրվանից մինչեւ լույս երկուշաբթի գիշերը ներառյալ. - «Որովհետեւ ուրբաթ օրը վերջին անգամը եղել են գրասենյակում, որտեղից գնացել են հանրահավաքի, երթի, եւ նման բան տեղի ունեցած չի եղել: Ամենայն հավանականությամբ, ուրբաթ երեկոյան է եղել, ուրբաթ գիշերն է եղել»:

«Ունե՞ք ինչ-որ նախնական գնահատական` ում ձեռքի գործը կարող է լինել», - այս հարցին Արտակ Զեյնալյանը արձագանքեց. - «Չեմ ուզում ասել` ում ձեռքի գործը կարող է լինել, բայց սա առաջին դեպքը չէ ինձ հետ»:

Նա հավանական համարեց, որ դա կապված է իր իրավապաշտպան գործունեության հետ. - «Ցանկացած ողջամիտ տրամաբանություն հանգեցնում է դրան` որ իմ գործունեությամբ է պայմանավորված դա»:

Արտակ Զեյնալյանը վերջին շրջանում «Մարտի 1»-ի գործով Հատուկ քննչական ծառայության անգործությունը դատական կարգով վիճարկող իրավահաջորդների ներկայացուցիչն էր, նաեւ Չարենցավանի ոստիկանությունում ապրիլի 13-ին մահացած Վահան Խալաֆյանի իրավահաջորդի ներկայացուցիչն էր: Նա եւս պնդում է, որ Խալաֆյանին ոստիկանությունում սպանել են: Ներկայումս Զեյնալյանը պատրաստում է այս գործով վերաքննիչ բողոքը:

«Հանրապետություն» կուսակցության գրասենյակում նման դեպք տեղի էր ունեցել նաեւ 2004 թվականի ապրիլի 12-ին: Այն ժամանակ կուսակցության ներկայացուցիչներն ասում էին, թե գրասենյակից տեխնիկա եւ սնունդ տանողները եղել են ոստիկանական համազգեստով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG