Մատչելիության հղումներ

Դեսպան. «ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները շարունակելու են ամրապնդվել` չնայած Wikileaks-ի բացահայտումներին»


Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը հինգշաբթի օրը համոզմունք է հայտնել, որ չնայած Wikileaks ինտերնետային կայքի աղմկահարույց բացահայտումներին, Հայաստանի հետ հարաբերությունները շարունակելու են ամրապնդվել:

«Կարծում եմ, մեր գործընկեր պետությունների հետ մեր հարաբերություններն ու կապերը բավականաչափ ամուր են այս փորձությանը դիմանալու համար: Այդ հարաբերությունները կարող են շարունակվել ու առավել ամրապնդվել, եւ խորապես համոզված եմ, որ ասվածն իրավացի է նաեւ Հայաստանի պարագայում, երկիր, որի հետ մենք ունենք շատ ամուր եւ սերտ հարաբերություններ», - Արարատի Խաչփառ գյուղում ԱՄՆ-ի պետքարտուղարության օժանդակությամբ վերանորոգված մանկապարտեզի բացման արարողության ժամանակ հայտարարեց Յովանովիչը` պատասխանելով լրագրողների հարցին:

Կիրակի օրը Wikileaks ինտերնետային կայքի կողմից ԱՄՆ-ի դիվանագիտական գործունեությանը վերաբերող 250 հազար գաղտնի փաստաթղթեր էին հրապարակվել: Դրանցում հիշատակվում է նաեւ Հայաստանը:

Ըստ հրապարակված մի փաստաթղթի, 2008-ի դեկտեմբերին Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաները նամակով սպառնացել են Հայաստանի Հանրապետության նախագահին պատժամիջոցներ կիրառել, եթե Հայաստանի կառավարությունը չկասեցնի իր տարածքով զենքի փոխադրումը Իրան:

«Միացյալ Նահանգները դատապարտում է տեղեկատվության ապօրինի հրապարակման ցանկացած փաստ: Դա սպառնալիք է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը, ինչպես նաեւ վնասում է ամբողջ աշխարհում մեր դաշնակիցների, գործընկերների եւ բարեկամների հետ աշխատելու ընթացքում մեր գործադրած ջանքերը», - շարունակեց Յովանովիչը:

«Մենք արտաքին քաղաքականության բավականաչափ հագեցած օրակարգ ունենք եւ բազմակողմանի աշխատանքներ ենք իրականացնում քաղաքական, տնտեսական, անվտանգության հարթություններում: Իսկ երբ սպառնալիքներ են առաջանում ազգային անվտանգությանն առնչվող մեր շահերի համար, դա նշանակում է, որ վտանգվում են նաեւ մեր գործընկերների շահերը, սակայն հույս ունեմ, որ փորձությանը կդիմանանք», - ամփոփեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը:

Ավելի վաղ Wikileaks-ի աղմկահարույց հրապարակումները դատապարտել էր նաեւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը եւ ընդգծել, որ այդ փաստաթղթերում արտաքին քաղաքականության նախնական գնահատականներ կան, որոնք, սակայն, «չեն կարող դիտարկվել որպես ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG