Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 1-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագրականն այս առիթով ամփոփում է. - «21-րդ դարում որեւէ բան թաքցնելը գրեթե անհնարին է: Ժամանակակից տեխնոլոգիաները մեր կյանքը չափազանց «թափանցիկ» են դարձնում, իսկ տեղեկատվությունը տարածվում է կայծակի արագությամբ: Ելքը մեկն է` ոչ թե բողոքել, թե ինչու է այս կամ այն լուրը հրապարակվում, այլ չանել եւ չասել այնպիսի բաներ, որոնց համար հետո պետք կլինի պատասխան տալ: Դա, իհարկե, վերաբերում է զանազան տիրակալներին, իշխաններին եւ իշխանիկներին»:

Նույն հարցի առնչությամբ «Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում քաղաքագետ Լեւոն Շիրինյանն ասում է. - «Մի քանի հարյուր հազար գաղտնի փաստաթղթեր հրապարակելը չի կարող պատահականություն լինել: Նման ծավալների արտահոսքը ես բացառում եմ: Ամերիկյան քաղաքագիտական միտքը ուսումնասիրելու արդյունքում կարելի է միանշանակ հետեւություն անել, որ այսպիսի անակնկալներ չեն կարող հենց այնպես տեղի ունենալ»: Հարցին, թե կատարվածը ինչ չափով է առնչվում Հայաստանին եւ ինչ անհրաժեշտ քայլեր պետք է ձեռնարկել, քաղաքագետը պատասխանում է. - «Սխալ է կարծիքը, թե ԱՄՆ-ը մեր տարածաշրջանում անում է այն, ինչ Թուրքիան է թելադրում: Փաստաթղթերը ապացուցում են, որ ԱՄՆ-ը ոչ թե Հայաստանի ախոյանն է, այլ բարեկամը եւ անգամ Արցախի հիմնահարցի վերաբերյալ թուրքականին ու ադրբեջանականին էականորեն հակասող տեսակետներ ունի: ԱՄՆ-ը ոչ միայն չի սատարում, այլեւ զսպում է Թուրքիային ու Ադրբեջանին: Հետեւաբար առաջացած իրավիճակում մենք պետք է ընդառաջ քայլեր կատարենք ԱՄՆ-ին: Մենք պետք է փորձենք ամերիկյան ավելի մեծ հովանավորություն ապահովել, քան այսօր ունի Վրաստանը»:

Թեման շարունակում է «Ազգ» օրաթերթը` գրելով. - «Նոյեբերի 29-ի դիվանագիտական երկրաշարժը, ինչպես արդեն բնորոշվել է միջազգային գնահատականներում, իր անդրադարձները կունենա ողջ միջազգային դիվանագիտության դիմագծի վրա, անկախ բարձրաձայնվող ներողություններից, մեկնաբանություններից զերծ մնալու պահվածքից եւ վստահեցումներից, թե դրանք չեն ազդի երկրների հարաբերությունների վրա. ինչ խոսք, կազդեն եւ շատ բան կփոխվի: Օրինակ` հենց թեկուզ Աստանան. Աստանայից առաջ պետությունների ղեկավարների, երկրների ներկայացուցիչների ուղեղները զբաղված են լինելու ոչ այնքան սառեցված հակամարտությունների կամ այլ կնճռոտ հարցերի լուծման ուղղությամբ, այլ միմյանց հետ հաշիվ մաքրելու` WikiLeaks-ի քողազերծումների մոտիվներով:Ի դեպ, այդպես էլ ըստ էության հայտնի չդարձավ, թե WikiLeaks -ի բացահայտումների օրը հենց ինչո՞ւ էր Հայաստան ժամանել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը, կապ ունի՞ դա Իրան զենքի տարանցման հետ, ինչպես որ ասվում է բացահայտված փաստաթղթերում»:

«Հայկական ժամանակ» թերթի տնտեսական մեկնաբանը գրում է. -«Այս տարվա առաջին 10 ամիսներին Ազգային վիճակագրական ծառայությունն արձանագրել է ընդամենը 2.4 տոկոս տնտեսական աճ, այս տարվա նոյեմբերին անցած տարվա նոյեմբերի համեմատ արձանագրվել է 9.6 տոկոս գնաճ: Համեմատեք` մոտ 10 տոկոս գնաճ եւ 2.4 տոկոս տնտեսական աճ: Եթե գնաճը ավելի մեծ է, քան տնտեսական աճի ցուցանիշը, ապա տնտեսագետները նման դեպքերում ասում են, որ իրականում տեղի ունի տնտեսական անկում: Իսկ ցուցանիշներն իրոք խայտառակ են, ու դրանք ուսումնասիրելով` հնարավոր չէ կանխագուշակել, թե մինչեւ երբ է շարունակվելու այս անկումը եւ ավարտվելո՞ւ է արդյոք երբեւէ: Ամենախայտառակն այն է, որ այս օրերին հրապարակվող ցուցանիշները համեմատված են անցած` ճգնաժամային տարվա պարզապես աղետալի ցուցանիշների հետ, ու այդ համեմատության մեջ այս տարվա ցուցանիշներն ավելի վատն են»:

«Չորրորդ ինքիշխանություն»-ը գրում է. - «Բանից պարզվում է` հունվարի 1-ից հետո տուգանվելու են ոչ միայն ավտոմեքենաների ապահովագրման կտրոններ չունեցողներն ու այդ կտրոնները «սահմանված տեղում» չփակցնողները: Տուգանքներ են սահմանված նաեւ կտրոնի գունաթափման, քայքայման համար»: Թերթն այս կապակցությամբ հեգնում է. - «Փաստորեն, իշխանությունների վարորդներին ստիպում են պարտադիր ապահովագրել ավտոմեքենաները, ստիպում են այդ կտրոնները փակցնել ավտոմեքենաների դիմապակիներին, ու հետն էլ հայտարարում են, թե դրանց գունաթափման դեպքում տուգանելու են: Այսինքն` տուգանելու են արեւի համար: Իսկ այն վարորդները, ովքեր չեն ցանկանում տուգանվել, երեւի պիտի հատուկ այդ կտրոնների համար «զոնտիկներ» պատվիրեն եւ փակցնեն ավտոմեքենաների դիմապակիներին: Չնայած` այդ դեպքում էլ իշխանությունների երեւի տուգանքներ կսահմանեն «զոնտիկների» գունաթափման համար: Մի խոսքով, իշխանությունները մտածել-մտածել ու այնպիսի մի կարգ են հորինել, որով ցանկացած պահի կարելի է ցանկացած վարորդի տուգանել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG