Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 17-ի մամուլ


Մոսկվայում հայ գործարար շրջանակների հետ Սերժ Սարգսյանի ունեցած հանդիպումների առիթով «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ Ռուսաստանի հայերը ոչ Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն ունեն, ոչ էլ հիմնադրամին գումար տալու մոլուցքով են տառապում: Ճիշտ է, Լուժկովի պաշտոնանկությունից հետո Մոսկվայի հայ գործարարներից շատերը մտածում են «թռնելու» մասին, բայց դեպի Հայաստան հոսք չկա. Հիմնական հոսքն ուղղվում է դեպի Ուկրաինա: Մինչդեռ Հայաստանի տնտեսության վիճակն աղետալի է; Փաստորեն, «Հայկական աշխարհի» գաղափարը փուչ դուրս եկավ, եւ Սերժ Սարգսյանը, որն առաջ ամեն օր հայտարարում էր, թե «Հայաստանը Սփյուռքի հետ ա՛յլ պետություն է, առանց Սփյուռքի` ա՛յլ, վաղուց արդեն այդ թեմայով ծպտուն չի հանում: Այնպես որ մոսկովյան այս հանդիպումները, իրենց արտաքին ճոխությամբ հանդերձ, բացարձակապես ոչնչով չեն օգնելու տնտեսական աղետի եզրին հայտնված Հայաստանին»:

Աստանայում կայանալիք առաջիկա հանդիպումներին ու դրանց նշանակությանն է անդրադառնում Հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանը` «Հայոց աշխարհ»-ին տված հարցազրույցում: «Աստանայում նախատեսված Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ բարձր մակարդակի հանդիպումը տեղի է ունենալու այն հանգրվանում, երբ Մինսկի խումբը Արցախի հակամարտությունը կարգավորելու նոր նախաձեռնություններ է ներկայացնում, իսկ ադրբեջանական կողմը ամեն գնով ցանկանում է բանակցությունները տապալել: Առաջընթացի համար բանակցող կողմերից քաղաքական կամք է պահանջվելու: Բայց երբ մեր ախոյան, հայկական պետությունների նկատմամբ բացահայտ թշնամական վերաբերմունք ունեցող երկրի առաջնորդը անգամ մարդասիրական ծրագիրն է խոչընդոտում, ապա դժվար է ակնկալել, որ նա ունակ է կամք դրսեւորել ու քաղաքական որոշում կայացնել», - ասում է Հանրապետական պատգամավորը:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հայաստանցի միջին եւ նույնիսկ խոշոր գործարարները, առաջին հերթին` արտադրողները, իրենց բիզնեսը աստիճանաբար տեղափոխում են հարեւան երկիր [Վրաստան]: Մարդիկ, որոնք կարող են Հայաստանում ինչ-որ բան ստեղծել, թեկուզ 10 հոգանոց աշխատատեղ ունեցող արտադրություն, գնում են երկրից ոչ թե այն պատճառով, որ սոված են եւ չեն կարողանում գլուխները պահել, այլ` որովհետեւ (եթե մոդայիկ բառ օգտագործենք) զզվել են ապօրինություններից, կոռուպցիայից եւ հովանավորչությունից: Մարդիկ ուզում են, որ ամեն ինչ հստակ ու միանշանակ լինի, ոչ թե «խոսելու վրա», ուզում են շարժվել օրենքներով, ոչ թե «նպատակահարմարությամբ»: Հաճախակի կարելի է լսել, որ վրացի բարձրաստիճան պաշտոնյաները չեն գողանում, որովհետեւ նրանց աշխատավարձը տալիս են ամերիկացիները: Դե, իսկ եթե բարձրաստիճանները չեն գողանում, «ցածրաստիճանները» դրա հնարավորությունը չունեն: Դա թեեւ ոչ միակ, բայց կոռուպցիան կանխարգելելու նախապայմաններից մեկն է: Կարծում եմ` եթե գործը դրան հասնի, մենք էլ (մեր պետությունը նկատի ունեմ) առանց որեւէ ամերիկացիների կարող ենք մեր պաշտոնյաներին այնպիսի աշխատավարձ տալ, որ նրանց «աչքը դուրսը չմնա»: Բայց օրենքի երկիր դառնալու համար դա դեռեւս քիչ է»:

«Հրապարակ»-ը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Շաղատ գյուղում արդեն մոտ 10 օր է` հավերի անկում է արձանագրվում: - «Ըստ անասնաբույժների, սա համաճարակ չէ, այլ տեղաճարակ: Գյուղացիների պատմելով, սատկելուց հետո միսը կապտում է, տհաճ հոտ է գալիս, մի խոսքով դառնում է անպիտան: Գյուղացիները սատկած թռչունները լցնում են մոտակա գետը: Շաղատցիները ենթադրում են, որ վարակն իրենց գյուղ է հասել հարեւան Բարձրավան գյուղից: Վարակի առաջին դեպքերն այստեղ են գրանցվել: Բարձրավանի գյուղապետ Դրաստամատ Նավասարդյանի խոսքով, վերջին մեկուկես ամսվա ընթացքում գյուղի բոլոր հավերը սատկել են»: - «Գյուղում այժմ ոչ մի հատ հավ չկա գոնե նմուշի համար: 2 հազար 800 հավ սատկել է, հատը բազմապատկեք 3 հազար դրամով, վնասի չափը պարզ կլինի», - հավելել է Բարձրավանի գյուղապետը:

Ուշագրավ մի լուր է փոխանցում «Հայկական ժամանակ»-ը. - «Նոյեմբերի 15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Մաշտոց պողոտայի թիվ 20 շենքի մոտից բերման են ենթարկել 49-ամյա Սամվել Ս.-ին: Պարզվել է, որ նա «Բուկինիստ» գրախանութից գողացել է «Սալվադոր Դալի» եւ «Միրովոյե Իսկուստվո» գրքերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG