Մատչելիության հղումներ

«Ժամանակակից Ստամբուլ» տոնավաճառին առանձին տաղավարով կներկայանա նաեւ Հայաստանը


Տեսարան Ստամբուլից
Տեսարան Ստամբուլից

Ստամբուլում նոյեմբերի 25-28-ը անցկացվելիք «Ժամանակակից Ստամբուլ» արվեստի տոնավաճառին առանձին տաղավարով կներկայանա նաեւ Հայաստանը:

«Ժամանակակից Ստամբուլ» արվեստի տոնավաճառը Թուրքիայում ժամանակակից արվեստի ոլորտում խոշոր, սակայն համեմատաբար նոր երեւույթներից է: Դա մի հարթակ է, որտեղ հանդիպում են տարբեր երկրների արվեստագետները, ցուցասրահների տնօրենները, արվեստի քննադատները, համադրողները: 4 օր նրանք միմյանց հետ շփվելու, իրենց աշխատանքները ցուցադրելու եւ օգտակար կապեր հաստատելու հնարավորություն կունենան:

Այս տարի տոնավաճառը համախմբելու է 14 երկրներից 420 արվեստագետների 2 հազար արվեստի գործեր, մասնակցելու են 80 ցուցասրահներ: Սակայն «Ժամանակակից Ստամբուլ» հինգերորդ տոնավաճառի անակնկալն այն է, որ ցուցադրությանը առանձին տաղավարով ներկայացված է լինելու նաեւ Հայաստանը` երկիր, որ ե'ւ մոտ է, ե'ւ, միեւնույն ժամանակ, շատ հեռու Թուրքիայից, նշում է Hurriyet Daily News-ը:

Ցուցահանդեսին հրավիրված են Տիգրան Կիրակոսյանը, Ֆելիքս Ղազարյանը, Արմեն Գեւորգյանը եւ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Նա «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հրավերը իր համար անսպասելի էր:

«Բավականին անսպասելի էր այդ առաջարկը, որ տեղի ունեցով` միջազգային այս արվեստի փառատոնին հրավիրել Հայաստանից 4 նկարիչ», - նշեց Կարեն Աղամյանը: - «Դա միջազգային ֆորում է, որտեղ աշխարհի շատ երկրներից տարբեր պատկերասրահներ են ներկայացված եւ նկարիչներ, եւ մեզ համար շատ հետաքրքիր կլինի մասնակցել` համեմատվել, տեսնել` ինչ նորություն կա, եւ կարեւորը այն է, որ սա միջազգային է եւ հնարավորություն է տալիս դուրս գալ եւ մյուս պատկերասրահների հետ կապեր հաստատել, որը ապագայում մեծ կապեր կստեղծի եւ մյուս մեր նկարիչների համար»:

«Նկարները, ըստ երեւույթին, կուղարկենք, կմեկնենք թե չէ` այս քանի օրը ուղղակի այդ հարցը նոր պետք է լուծվի», - ասաց Նկարիչների միության նախագահը:

Նա փոխանցեց, որ եկող շաբաթվա ընթացքում կորոշվի, թե ինչ նկարներ ուղարկել. - «Տարածքը այնտեղ ընդամենը 50 քառակուսի մետր է, եւ, ենթադրաբար, 18-20 միջին չափի ստեղծագործություն կտեղավորվի: Գումարային մուծումներ չի պահանջվում` անվճար է տրամադրված. սա երեւի փորձ է մշակութային կապեր ամրացնելու»:

«Առհասարակ, արվեստը դռներ է բացում, եւ սա այդ քայլերից մեկը համարենք: Արվեստը չի ճանաչում քաղաքականություն, արվեստը շատ ավելի ազատ է», - ընդգծեց Կարեն Աղամյանը:

Արվեստի միջազգային տոնավաճառ դառնալու առաքելությամբ «Ժամանակակից Ստամբուլ» ցուցահանդեսը կենտրոնանում եւ շեշտը դնում է հատկապես հարեւան երկրների վրա: Անցյալ տարվանից ցուցադրությունը սկսել է իրականացնել այդ քաղաքականությունը «Նոր հորիզոններ» ծրագրի հետ համատեղ եւ առանձնահատուկ ուշադրությամբ անդրադարձել է սիրիական արվեստին: Այս տարի, հայկական արվեստագետներին հրավիրելուց բացի, «Ժամանակակից Ստամբուլ» ցուցահանդեսը շեշտը դնում է մեկ այլ հարեւան երկրի` Իրանի ժամանակակից արվեստագետների բացահայտման վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG