Մատչելիության հղումներ

«Թուրքիան դեռ պատրաստ չէ Եվրամիության անդամ դառնալ»


Երեկ Բրյուսելում հրապարակվել է Եվրամիության ընդլայնման հեռանկարների վերաբերյալ տարեկան զեկույցը, որն այս անգամ եւս փաստել է, որ Թուրքիան դեռ պատրաստ չէ Եվրամիության անդամ դառնալ:

Զեկույցում նշված է, որ Թուրքիայի հետ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ բանակցությունների գործընթացը դանդաղ է ընթանում, Թուրքիայի համար Եվրամիություն տանող ճանապարհի գլխավոր խոչընդոտներից են Կիպրոսի հետ չլուծված խնդիրները, ինչպես նաեւ մամուլի ազատության սահմանափակումները:

Եվրամիության ընդլայնման հարցերով կոմիսար Շտեֆան Ֆյուլլեն ասել է, որ առաջընթացի տեմպերը բավարար չեն, եւ որ Թուրքիան պետք է շարունակի իր բարեփոխումները:

Եվրահանձնաժողովը զեկույցում շեշտում է, որ չնայած հայտարարած` «զրո խնդիրներ հարեւանների հետ» քաղաքականությանը, Թուրքիան իր հարեւանների, այդ թվում` Հայաստանի հետ հարաբերությունները չի կարգավորել, մասնավորապես` վավերացված չեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները:

Զեկույցում նշվում է, որ չնայած ավելացել են բաց եւ ազատ բանավեճերը այնպիսի զգայուն թեմաների վերաբերյալ, ինչպիսիք հայկական ու քրդական հարցերն են, մամուլի ազատության վիճակը շարունակում է խնդրահարույց մնալ Թուրքիայում:

«Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը հետապնդվում էհայկական եւ քրդական հարցի մասին բարձրաձայնելու համար, իսկ հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության դատավարությունն ընթանում է առանց զգալի առաջընթացի», - ասված է զեկույցում: Նշվում է նաեւ, որ հունիսին հեռուստաընկերություններից մեկը եթերազրկվել է հայկական հարցի մասին թույլատրվածից տարբերվող տեսակետ հեռարձակելու համար:

Որպես դրական միտում զեկույցում ասված է, որ Ստամբուլում ապրիլի 24-ի զոհերի հիշատակի միջոցառումներ են անցկացվել, իսկ հայկական Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է թույլատրվել:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր բավական բուռն է արձագանքել Եվրահանձնաժողովի տարեկան զեկույցին` պնդելով, որ թուրքերը շատ դժգոհ են, որ Եվրամիությունը շարունակ արգելակում է մուտքն այդ կառույց: Էրդողանը նաեւ հայտարարել է, որ թուրքերը հոգնել են Եվրոպայի դարպասների մոտ այդքան երկար սպասելուց:

Այսօր Թուրքիայի վարչապետը հարցազրույց է տվել նաեւ France 24 հեռուստաընկերությանը, որի ժամանակ հայտարարել է, որ Եվրամիությունը չի կարող համաշխարհային խաղացող դառնալ առանց Թուրքիային իր կազմում ունենալու:

«Իսկ եթե Թուրքիան մտնի Եվրամիության կազմ, ապա այն կամուրջ կհանդիսանա Եվրամիության եւ 1,5 միլիարդ մահմեդականների միջեւ», - հավելել է Էրդողանը` շեշտելով. - «Եվրամիությունը կարծես թե արհամարհում է այդ հնարավորությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG