Մատչելիության հղումներ

Վրաստանում ամենադրականը ԱՄՆ-ին են վերաբերվում


Վրաստանի եւ ԱՄՆ-ի դրոշները Թբիլիսիում զանգվածային միջոցառման ժամանակ, արխիվային լուսանկար
Վրաստանի եւ ԱՄՆ-ի դրոշները Թբիլիսիում զանգվածային միջոցառման ժամանակ, արխիվային լուսանկար

Վրաստանի բնակչությունը արտասահմանյան երկրներից ամենադրական վերաբերմունքը ունի ԱՄՆ-ի նկատմամբ:

Վրաստանում Gallup հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման մասնակիցների 92 տոկոսը վստահ են, որ առավել բարեկամական հարաբերություններ իրենց երկիրը Միացյալ Նահանգների հետ է հաստատել:

Հարցումն իրականացվել է ամերիկյան կառավարության պատվերով, սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 7-ը` 1500 հոգու շրջանում:

Ամերիկայից հետո դրական վերաբերմունքի առումով երկրորդ տեղում Վրաստանի համար Ադրբեջանն է, ապա հաջորդում են Ուկրաինան, Եվրամիությունը եւ Թուրքիան: Հայաստանը այդ ցուցակում տեղ չի գտել:

Ամենից վատ հարաբերությունները, հարցվածների 83 տոկոսի կարծիքով, Վրաստանն ունի Ռուսաստանի հետ: Վրաստանում ճնշող մեծամասնության վերաբերմունքն այդ երկրի նկատմամբ դրական չէ, սակայն, միեւնույն ժամանակ, հարցվածների 84 տոկոսն ափսոսում է Ռուսաստանի Դաշնության հետ լարված հարաբերություններ ունենալու համար:

Gallup հետազոտական կենտրոնը պարզել է նաեւ, թե ինչպես են Վրաստանի քաղաքացիները վերաբերվում երկրում ընթացող քաղաքական գործընթացներին եւ ինչ կարծիք ունեն եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրման հարցում:

Հարցման արդյունքների համաձայն, վրաստանցիների 74 տոկոսը դրական է վերաբերվում երկրի` ՆԱՏՕ- ի անդամ դառնալու ձգտումներին, իսկ 14 տոկոսը դա համարել է անհեռանկար եւ անիմաստ նախաձեռնություն: Եվրամիությանը անդամակցելուն կողմ է արտահայտվել հարցվածների 23 տոկոսը:

Ինչ վերաբերում է երկրի ներքին կյանքին վրացիների վերաբերմունքին` Gallup հետազոտական կենտրոնի անցկացրած հարցումները ցույց են տալիս, որ Միխեիլ Սահակաշվիլիին 2013 թվականին իր նախագահական ժամկետի ավարտից հետո վարչապետի պաշտոնում կցանկանար տեսնել հարցվածների կեսից ավելին` 56 տոկոսը:

Հարցումը փաստում է, որ Վրաստանի քաղաքացիների մեծ մասը դժգոհ է երկրի տնտեսական վիճակից:

Ի պատասխան հարցի, թե որ ոլորտում կառավարությունը պետք է բարեփոխումներ իրականացնի, հարցվածների 45 տոկոսը նշել են տնտեսական ոլորտը, 23 տոկոսի կարծիքով` բարեփոխումների կարիք ունի առողջապահության ոլորտը, իսկ 12 տոկոսը կարծում է, որ առաջին հերթին ռեֆորմներ անհրաժեշտ են կրթության ոլորտում:

Երկրի իշխանությունների ամենամեծ հաջողությունը հարցվածների 19 տոկոսը համարել է էներգահամակարգի վերականգնումը, 12 տոկոսը` ճանապարհների կառուցումն ու բարեկարգումը, 9 տոկոսը` կրիմինալ իրավիճակի բարելավվումը, 7 տոկոսը` ենթակառուցվածքների կատարելագործումը, իսկ 6 տոկոսը` իրավապահ մարմինների եւ ոստիկանության ժամանակակից համակարգի ստեղծումը:

Հարցին` «վերջին մեկ տարվա ընթացքում կաշառք տվե՞լ եք», հարցվածների 98 տոկոսը բացասական է պատասխանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG