Մատչելիության հղումներ

Խառնամուսնությունների կողմնակիցները Հարավային Կովկասում շատ չեն


Ինչպե՞ս են հարավկովկասյան երեք երկրներում` Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում վերաբերվում խառնամուսնություններին. այս հարցի պատասխանն է պարզել Կովկասյան հետազոտությունների ռեսուրս կենտրոնի անցկացրած հարցումը:

Հարցը տրվել է հետեւյալ կերպ` «հավանություն կտա՞ք, եթե ձեր ազգության կինն ամուսնանա օտարերկրացու հետ», այնուհետեւ նշված է 14 ազգություն: Պարզվում է, որ մինչ բարիդրացիական եւ ընկերական հարաբերությունների կողմնակիցները երեք երկրներում բավական մեծ տոկոս են կազմում, խառնամուսնությունների կողմնակիցները Հարավային Կովկասի երկրներում շատ չեն:

Խառնամուսնություններին երեք երկրներից ավելի դրական են վերաբերվում Վրաստանում, այնուհետեւ` Հայաստանում, իսկ ընտանիքի հարցում ամենապահպանողականը ադրբեջանցիներն են. բացի թուրքերից մնացած ազգությունների հետ ամուսնությանը Ադրբեջանում դեմ է արտահայտվել հարցվածների 90 տոկոսը:

Հայաստանում հարցին` «արդյոք հավանություն կտա՞ք, որ ձեր ազգության կինն ամուսնանա ադրբեջանցու հետ», դրական է պատասխանել հարցվածների 7 տոկոսը, Ադրբեջանում հայերի հետ ամուսնությանը հավանություն չի տվել ոչ ոք, Վրաստանում հայերի հետ ամուսնությանը կողմ է արտահայտվել հարցվածների 31 տոկոսը, իսկ ադրբեջանցիների հետ ամուսնությանը` 23 տոկոսը:

Հայաստանում ամենադրականը վերաբերվում են ռուսների հետ ամուսնությանը` հարցվածների 51 տոկոսն է հավանության արժանացրել հայ - ռուսական ընտանիքի գոյությունը:

Ադրբեջանում հարցվածների 49 տոկոսը հավանության է արժանացրել թուրքերի հետ ամուսնությունը:

Իսկ վրացիները ամենից դրական են վերաբերվում իտալացիների եւ հույների հետ ամուսնություններին, որոնց օգտին է արտահայտվել հարցվածների 41 տոկոսը:

Ռուսների հետ ամուսնություններին Վրաստանում դրական է վերաբերվում հարցվածների 39 տոկոսը, իսկ Ադրբեջանում` ընդամենը 8 տոկոսը:

Քրդերի հետ ընտանիք կազմելուն Հայաստանում եւ Վրաստանում կողմ է արտահայտվել հարցվածների 15-ական տոկոսը, մինչդեռ Ադրբեջանում միայն 6 տոկոսը հավանություն կտար քրդի հետ ամուսնությանը:

Հայաստանում հարցման ամբողջական արդյունքները այսպիսին են. ռուսների հետ ամուսնություններին կողմ է արտահայտվել 51 տոկոսը, մոտ 40 տոկոսը հավանություն է տվել ամերիկացիների, հույների, իտալացիների, գերմանացիների հետ ամուսնություններին, 30 տոկոսը ողջունում է հրեաների, շվեդների, չինացիների հետ ամուսնությունները, 15 տոկոսը դեմ չէ քրդերի, 8 տոկոսը` թուրքերի, եւ 7 տոկոսը` ադրբեջանցիների հետ ամուսնություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG