Մատչելիության հղումներ

Աբդուլա Գյուլ. «Եվրոպան պետք է հավատարիմ մնա ձեռք բերված պայմանավորվածություններին»


Երկօրյա պաշտոնական այցով Ավստրիա մեկնելուց առաջ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ թուրք ժողովուրդը կարող է «ոչ» ասել Եվրամիության անդամությանը:

Խոսելով Եվրամիությանն ինտեգրվելու գործընթացի մասին` Աբդուլա Գյուլը մատնանշել է, որ այդ ճանապարհին Թուրքիայի առջեւ բազմաթիվ խոչընդոտներ են ստեղծվում, որոնք անօրինական են ու անարդար:

Գյուլի խոսքով, Թուրքիան համապատասխանում է Եվրամիության չափանիշներին, սակայն իրենց չեն ընդունում եվրոպական ընտանիք` կրոնի պատճառով:

«Չի կարելի մարդկանց մեկուսացնել, այն պատճառով որ այլ կրոն են դավանում», - հայտարարել է Գյուլը:

Նշելով, որ Եվրոպայում ապրում են միլիոնավոր մահմեդականներ, Աբդուլա Գյուլը շեշտել է, որ չի կարելի անտեսել այդ փաստը: Միեւնույն ժամանակ, նա ասել է, որ վերջին շրջանում դրսեւորվող եւ մտահոգության տեղիք տվող քսենոֆոբիայի, իսլամաֆոբիայի եւ ծայրահեղականության փաստերը չեն համապատասխանում Եվրոպայի ոգուն:

Գյուլը կարծիք է հայտնել, որ Թուրքիան ապագայում կդառնա բավական գրավիչ երկիր եւ մեծ ներդրում կունենա ինչպես Եվրամիությունում, այնպես էլ Ավստրիայում:

Հիշեցնելով, որ Թուրքիայի ճանապարհը դեպի Եվիամիություն շատ երկար է, Աբդուլա Գյուլն ասել է, որ 2005 թվականին երկկողմ որոշում է կայացվել` սկսել բանակցությունները Թուրքիայի` Եվրամիության կազմում ընդգրկվելու հարցի շուրջ:

«Եվրոպան պետք է հավատարիմ մնա ձեռք բերված պայմանավորվածություններին», - եզրափակել է Թուրքիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG