Մատչելիության հղումներ

Ապրիլի 27-ի մամուլ


Երեւանյան մամուլն այսօր լայնորեն արձագանքել է Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքը արտոնելու քաղաքապետարանի որոշմանը:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Ազատության հրապարակում հանրահավաք արտոնելն, իհարկե, գեղեցիկ ժեստ է, բայց գործնականում ոչինչ չի փոխում (վերջին երկու հանրահավաքներից հետո ժողովուրդն այսպես թե այնպես հրապարակ մտավ, եւ ակնհայտ է, որ նույնն էլ լինելու էր ապրիլի 28-ին): Մարտի 1-ի քրեական գործը «հիմնովին վերանայելը» նույնպես գեղեցիկ ժեստ էր, բայց առայժմ որեւէ կոնկրետ արդյունք չի տվել, ու քչերն են հավատում, որ կազմակերպիչներն իսկապես կպատժվեն: Քաղբանտարկյալներն էլ, ինչպես հայտնի է, առայժմ բանտերում են (ասում ենք «առայժմ», որովհետեւ մինչեւ հանրահավաքը դեռ մի ամբողջ օր կա): Մի խոսքով` ոչ մի կոնկրետ գործողություն չի արվել, ամեն ինչ առայժմ «օդի տատանումների» մակարդակով է: Հարց է ծագում` իսկ ինչի՞ համար են այդ «տատանումները»: Պատասխանը միանշանակ է. որպեսզի Կոնգրեսի վաղվա հանրահավաքին հնարավորինս քիչ մարդ մասնակցի»:

«Էլ «դու լու լու» չեն երգի…» վերնագրի ներքո «Երկիր»-ը գրում է. - «Հատկանշական է, որ 2008 թ. մարտյան իրադարձություններից հետո Երեւանի քաղաքապետարանը պարբերաբար մերժում էր Ազատության հրապարակում քաղաքական հավաքներ անցկացնելու հայտերը եւ մերժումը ինչ-որ կերպ հիմնավորելու համար կազմակերպում էր տոնավաճառներ, մարզամշակույթային մանր–մունր միջոցառումներ: Վերջին մերժումը վերաբերում էր ապրիլի 23-ին ՀՅԴ-ի կազմակերպած ջահերով երթին, որը մեկնարկեց ոչ թե Ազատության հրապարակից, այլ հարակից տարածքից, մինչդեռ հրապարակում այդ օրը ոչ մի միջոցառում էլ չկար: Համենայն դեպս, «դու-լու-լու» չէին երգում»: «Քաղաքապետարանի այս մեծահոգությունը ենթադրում է, որ քաղաքի իշխանությունները հոգնել են անիմաստ գումարներ ծախսելուց, մանավանդ` յուրաքանչյուր հանրահավաքից հետո ինքնաբուխ դիսկոտեկ է սկսվում, իսկ պարողների հանդեպ հետաքրքրությունն ավելի մեծ է, նաեւ զվարճալի է», - հեգնում է թերթը:

«Հայոց Աշխարհ» թերթում կարդում ենք. - «Քաղաքապետարանի նման որոշումը կանխատեսելի էր, եւ նախորդ՝ «արգելող» որոշման վերանայումը լիովին տեղավորվում է վերջին շրջանի ներքաղաքական անցուդարձի տրամաբանության մեջ։ Մյուս կողմից, ի դեպ, հարկ է նկատել, որ անցած երեք տարիներին չի եղել մի դեպք, որ իշխանությունը լրջորեն խոչընդոտի ՀԱԿ-ՀՀՇ-ի որեւէ քիչ թե շատ խոշոր հանրահավաք, նույնիսկ երբ դրա անցկացումն «ի գիտություն» չի ընդունվել։ Թերեւս ամենքին էլ հասկանալի է նաեւ, որ քաղաքապետարանի երեկվա որոշումը նաեւ իշխանություն-արմատականներ որոշակի պայմանավորվածության հետեւանք է։ Նմանապես պարզ է, որ արմատականներին դժվար կլինի չափավորել իրենց հեղափոխական հռետորաբանությունը կողմնակիցներին չկորցնելու համար։ Ճիշտ է, այստեղ հավանական է որոշակի դերաբաշխում. այսինքն՝ բուն առաջին դեմքերը կկենտրոնանան «շախմատ խաղալու» մասին եւ այդ համատեքստում հնչող ելույթների, «վերլուծությունների» վրա, իսկ հեղափոխական ճառերը կթողնեն «ռադիոկառավարվող» պտուտակների ուսերին»։ «Մի խոսքով, ներքաղաքական կյանքում նաեւ արմատական պահանջներով հանդես եկող ընդդիմադիր ուժերից մեկի հետ ընդառաջ քայլերի տրամաբանության շրջանակներում հարաբերվելու «ճատրակը» շարունակվում է», - ամփոփում է «Հայոց Աշխարհ»-ը։

ՀԱԿ-ի եւ իշխանությունների միջեւ հնարավոր երկխոսության շուրջ «Առավոտ»-ը զրուցել է հրապարակախոս Մարինե Պետրոսյանի հետ: «Արդյոք սա դասական իմաստով երկխոսությո՞ւն, գործա՞րք է Կոնգրեսի առաջնորդների ու իշխանությունների միջեւ, թե՞ երկուստեք շահերի համընկնման գիտակցված քայլ ու քաղաքական պրագմատիզմի դրսեւորում», - հարցադրմանը Մարինե Պետրոսյանը պատասխանել է. - «Ես խոհանոցին տեղյակ չեմ ու չեմ կարող ասել` ուղղակի բանակցություններ կա՞ն այս պահին, թե՞ ոչ: Մանրամասները չեմ կարող ասել, բայց ինձ համար հստակ է, որ այս պահին ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ գոյություն ունի շահերի որոշակի համընկնում: Այսինքն` ստեղծվել է համաձայնության որոշակի հիմք: Եթե ընդհանուր ասեմ` վերջին հաշվով, կարծում եմ, ՀԱԿ-ը Սերժ Սարգսյանին տալու է լեգիտիմություն եւ երկրորդ ժամկետում ընտրվելու երաշխիք, իսկ մյուս կողմից` ՀԱԿ-ը ստանալու է որոշակի ոչ շատ քիչ, բայց նաեւ ոչ շատ ձայներ խորհրդարանում: Այսինքն` տեղի է ունենալու Սերժ Սարգսյան - ՀԱԿ փոխադարձ լեգիտիմացում, որն ինձ համար` որպես Համաժողովրդական շարժման մասնակցի, բացարձակապես ընդունելի չէ, որովհետեւ դրա արդյունքում ես չեմ տեսնում Հայաստանում համակարգային փոփոխությունների հեռանկար»:
please wait

No media source currently available

0:00 0:04:22 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG