Մատչելիության հղումներ

Թուրք ազգայնականին մինչեւ մեկ տարվա ազատազրկում է սպառնում


Թուրքական ազգայնական կազմակերպության ղեկավար Նիյազի Չափան կարող է մինչեւ մեկ տարվա ազատազրկման դատապարտվել` իր գրասենյակում հակահայկական եւ հակահրեական բովանդակությամբ պաստառ փակցնելու համար:

«Օսման Գազի մշակութային միության» գլխավոր տնօրեն Չափան հունվարին` Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների ժամանակաշրջանում, կենտրոնական Անատոլիայի Էշքեշեհիր քաղաքում գտնվող իր գրասենյակի պատուհանին փակցրել էր «Հրեաների եւ հայերի մուտքն արգելված է: Շների մուտքն ազատ է» գրությամբ պաստառ:

Թուրքական «Դողան» լրատվական գործակալության փոխանցմամբ` դատախազությունը Չափային «ազգային կամ կրոնական հիմքի վրա խտրականության» մեղադրանք է առաջադրել, որով նախատեսվում է 6 ամսից մինչեւ մեկ տարվա ազատազրկում: Դատավարությունը սկսվելու է այս տարի ավելի ուշ:
Չափան հերքում է իրեն առաջադրված մեղադրանքը եւ պնդում, թե խնդիրներ չունի հայ կամ հրեա ժողովուրդների հետ: Նա ասել է, թե հայերին անդրադարձել է ի պատասխան անցյալ դարասկզբի իրադարձությունների համար հայ ժողովրդից ներողություն խնդրելու` թուրք մտավորականների վերջին նախաձեռնության:

DPA գործակալության վկայությամբ, ազգայնական գործչի արարքը ժամանակին դատապարտել էր անձամբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը` հակասեմիտիզմը որակելով «մարդկության դեմ հանցագործություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG