Մատչելիության հղումներ

Արմեն Ղահրամանյանը՝ Ռազմական ինստիտուտի նոր պետ


Գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյան
Գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյան

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը նշանակվել է Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ: Այդ մասին հայտնում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Արմեն Ղահրամանյանը ծնվել է 1963 թվականին Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում ծառայում է 1992 թվականից, զբաղեցրել է պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալի, զորամիավորման թիկունքի շտաբի պետի, թիկունքի պետի, հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնները: 2001 թվականին ավարտել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմական ակադեմիայի դասընթացները: Հայաստանի նախագահի հրամանագրերով պարգևատրվել է «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանով, «Արիության» մեդալով, Լեռնային Ղարաբաղի նախագահի հրամանագրերով` «Շուշիի ազատագրման համար», «Մարտական խաչ» երկրորրդ աստիճանի շքանշանով, պետական և գերատեսչական այլ մեդալներով:

Ռազմական ինստիտուտի պետի պաշտոնը թափուր էր փետրվարի 2-ից, երբ Մարտին Կարապետյանը նախագահի հրամանագրով ազատվեց աշխատանքից:

Հիշեցնենք՝ հունվարի 29-ի առավոտյան Ռազմական ինստիտուտի մարզահրապարակում հայտնաբերվել է կուրսանտ Հայկազ Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Նախաքննությամբ պարզվել է, որ կուրսանտը սպանվել է։ Սպանության համար մեղադրվում են Բարսեղյանի չորս ծառայակիցներ, նրանք կալանավորված են:

Այսօր Ռազմական ինստիտուտի անձնակազմին ներկայացնելով նոր պետին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ կադրային և ծրագրային արմատական փոփոխությունները, կրթական նոր չափանիշների և չափորոշիչների ներդրումը հնարավորություն կտան վերհանելու այն բացթողումներն ու արատավոր երևույթները, որոնց արդյունքում էլ տեղի է ունեցել հունվարի 29-ի ողբերգական միջադեպը, և կարճ ժամկետներում վերականգնելու ռազմական ինստիտուտի բարի համբավը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցում են նաև, որ ողբերգական դեպքից հետո նախարարի հրամանով աշխատանքից ազատվել են ռազմական ինստիտուտի պետի տեղակալներ, գնդապետներ Արմեն Մզիկյանը, Զարմիկ Մարկոսյանը, Պողոս Աբրահամյանը, մի շարք այլ սպաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG