Մատչելիության հղումներ

Շիրակի ՀԿ-ները Մինասի որմնանկարների հարցով դիմում են Էռնեկյանին


Շիրակի մարզի 36 հասարակական կազմակերպություններ դիմում են հղել արգենտինահայ գործարար, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության սեփականատեր Էդուարդո Էռնեկյանին` կոչ անելով հրաժարվել Մինաս Ավետիսյանի երկու որմնանկարները Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում կախած ունենալու գաղափարից եւ բավարարվել դրանց կրկնօրինակները այնտեղ ունենալով:

Նշելով, որ կառավարությունը այս տարվա ապրիլի 28-ի որոշմամբ Մինաս Ավետիսյանի երկու որմնանկարներ անժամկետ եւ անհատույց տրամադրել է «Զվարթնոց» օդանավակայանին՝ դրանք այնտեղ ցուցադրելու, նամակի հեղինակները շեշտում են. - «Մեզ համար անհասկանալի պատճառով տեղափոխելու մասին որոշումը կառավարությունը կայացրեց այն ժամանակ, երբ կես տարուց ավելի Գյումրու համայնքային իշխանությունները, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը եւ «Մինաս Ավետիսյան» հիմնադրամը ակտիվորեն բանավոր եւ գրավոր բանակցում էին որմնանկարները Գյումրիում վերականգնելու եւ Գյումրիում տեղադրելու հարցերը, իսկ այդ մասին արդեն կազմվել էր համաձայնագիր համայնքապետարանի եւ հիմնադրամի միջեւ (2011 փետրվար)»:

«Մինաս Ավետիսյանի որմնանկարներն իր բնօրրանից եւ գյումրեցիներից հեռացնելու կառավարության որոշումները գնահատում ենք առանց պատշաճ հիմնավորման կայացված, հայտարարված մշակութային ապակենտրոնացման քաղաքականության համատեքստում` տարօրինակ եւ վիրավորական` մեր ու քաղաքի նկատմամբ», - նշում են Շիրակի մարզի հասարակական կազմակերպությունները իրենց դիմումում, որի տեքստը տարածել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG