Մատչելիության հղումներ

H1N1 վիրուսի զոհերի թիվը աշխարհում հասել է 700-ի


Այս տարվա ապրիլին ի հայտ եկած H1N1 վիրուսի զոհերի թիվը աշխարհում հասել է 700-ի: «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ` այդ մասին այսօր հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

ԱՀԿ-ն, որի` երկու շաբաթ առաջ հրապարակած տվյալներով, «խոզի գրիպի» զոհերի թիվը 429 էր, այսօր նաեւ նշել է, որ պետությունների առողջապահության ոլորտի պատասխանատուները իրենք պետք է որոշեն վարակի տարածումը կասեցնելու նպատակով կիրառվելիք միջոցները:

«Դպրոցների փակումը կանխարգելիչ միջոցներից մեկն է, որ կարող են դիտարկել երկրները», - ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակը:

ԱՀԿ-ն հունիսի 11-ին «խոզի գրիպը» համաշխարհային համաճարակ (պանդեմիա) է հայտարարել:

Կազմակերպությունը անցյալ շաբաթ զգուշացրել է, որ H1N1-ի համաճարակը երբեւէ հայտնի համաշխարհային համաճարակներից ամենաարագ տարածվողն է, եւ երկրներին կոչ է արել դադարեցնել հիվանդության յուրաքանչյուր դեպի մասին հաղորդելը` ուշադրությունը կենտրոնացնելով կանխարգելիչ միջոցառումների վրա:

Ըստ ԱՀԿ-ի խոսնակի` մինչ օրս լաբորատոր պայմաններում աշխարհում հաստատվել է հիվանդության շուրջ 125 հազար դեպք:

Այդուհանդերձ, փորձագետների գնահատականներով, միայն Միացյալ Նահանգներում H1N1 վիրուսով վարակվել է առնվազն մեկ միլիոն մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG