Մատչելիության հղումներ

Լրացել է ռուս-վրացական հնգօրյա պատերազմի վեցերորդ տարելիցը


Վրաստանի նախագահն ու վարչապետը 2008-ի օգոստոսյան պատերազմի հետևանքների համար մեղադրում են Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլիին

Վրաստանում այսօր նշվում է Ռուսաստանի հետ 2008 թվականի տեղի ունեցած պատերազմի վեցերորդ տարելիցը, որի ընթացքում երկրի քաղաքացիներն ու ղեկավարությունը մասնակցել են մայրաքաղաք Թբիլիսիում անցկացված հիշատակի պաշտոնական արարողություններին:

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և վարչապետ Իրակլի Ղարիբաշբիլին ծաղկեպասկներ են դրել ռուս-վրացական հնգօրյա պատերազմի զոհերի հուշարձանին: Այս պատերազմի հետևանքով զոհվել է Վրաստանի ավելի քան 500 քաղաքացի, տեղահանվել են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք ցայսօր բնակվում են պետության կողմից տրամադրված ապաստարաններում:

Պատերազմի ընթացքում գրանցված զոհերի համար Վրաստանի ներկայիս նախագահը մեղադրել է երկրի նախորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին` խոստանալով, որ 2008 թվականի օգոստոսի նման իրադարձություններ երբեք այլևս տեղի չեն ունենա:

«Խոստանում ենք մեր ժողովրդին, որ դա այլևս երբեք չի կրկնվի, և որ Վրաստանը կլինի միասնական, ազատ, ինքնիշխան պետություն, սակայն ոչ` արյան և պատերազմի գնով», - ասել է նախագահ Մարգվելաշվիլին:

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին 2008-ի օգոստոսյան պատերազմի հետևանքների համար նույնպես մեղադրել է Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլիին:

«Այժմ չեմ ցանկանում խոսել պատերազմի պատճառ դարձած հանգամանքների մասին կամ այն մասին, թե ինչպես էր հնարավոր խուսափել դրանից: Փաստն այն է, որ դրանք նախկին կառավարության անպատասխանատու քաղաքականության հետևանք էին: Մենք չկարողացանք խուսափել պատերազմից, և այժմ դեմ առ դեմ կանգնած ենք կորսված տարածքների, Հարավային Օսիայի կորսված հարյուրավոր գյուղերի, ինչպես նաև հարյուր հազարավոր տեղահանված անձանց առկայության փաստերի առջև», - ասել է վարչապետ Ղարիբաշվիլին:

Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլին այս ընթացքում դիմել է միջազգային հանրությանը` հորդորելով «գործել, քանի դեռ Ռուսաստանը չի ներխուժել Ուկրաինա»:

Այս հայտարարությամբ Սահակաշվիլին հանդես է եկել` գտնվելով Ուկրաինայի արևմտյան Լվով քաղաքում, որի եկեղեցիներից մեկի մոտակայքում նա ու Լվովի քաղաքագլուխը մասնակցել են 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի վեցերորդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը:

Արարողության ընթացքում Սահակաշվիլին զուգահեռներ է անցկացրել ռուս-վրացական պատերազմի և Ուկրաինայի արևելքում չդադարող հակամարտության միջև:

«Ուկրաինայում Ռուսաստանի ներկայիս վարվելակերպը հիշեցնում է 90-ականները, երբ այս երկիրը ճիշտ նույն եղանակով էր գործում Վրաստանում: Երբ Ռուսաստանը գիտակցի, որ Ուկրաինան առավելություն է ձեռք բերում, կստեղծվի մի պահ, երբ այն կգործի այնպես, ինչպես գործել էր 2008 թվականին, ինչը նշանակում է ուղիղ, լայնածավալ ներխուժում, որի որոշ տարրեր հիմա արդեն նկատվում են: Նման զարգացումները կանխելու համար աշխարհը պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկի», - ասում է Միխայիլ Սահակաշվիլին:

Թբիլիսիում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամից վերլուծաբան Ալեքսանդր Ռոնդելիի համաձայն, 2008 թվականի պատերազմը և Ուկրաինայում վերջին իրադարձությունները ապացույց են այն բանի, որ Ռուսաստանն իրականացնում է հարևան պետությունների ինքնիշխանության անտեսման քաղաքականություն:

«Ռուսաստանը, բացի այդ, անտեսում է նաև միջազգային իրավունքը», - ասում է վերլուծաբանը:

Կիևի կառավարությունը և Արևմուտքի նրա դաշնակիցները մեղադրում են Ռուսաստանին Ուկրաինայում իրավիճակի ապակայունացման և երկրի արևելքում գործող անջատողականներին զինելու մեջ:

Սառը պատերազմի ավարտից հետո Ռուսաստան-Արևմուտք ամենախորը հակամարտությունն այս ընթացքում շարունակվում է: Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը համապարփակ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ, ինչին ի պատասխան Մոսկվան խիստ սահմանափակել է Արևմուտքի պետություններում արտադրվող սննդամթերքի ներմուծումը Ռուսաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG