Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ ազատ արձակվեց Խաչատուր Սուքիասյանը


Խոշոր գործարար, Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր, 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանը սեպտեմբերի 2-ին կամավոր ներկայացավ իրավապահներին՝ առիթ տալով մի շարք հարցերի. ինչո՞ւ հենց հիմա, երբ համաներումը նրա վրա այլեւս չի տարածվում, ինչո՞ւ ներկայացավ՝ աչքի առաջ ունենալով «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի օրինակը...

Հնչեցին տարաբնույթ կարծիքներ՝ «ուրեմն մի բան խոստացել են», կամ, որ՝ «Սուքիասյանը հերթական անգամ ցուցաբերում է իրեն հատուկ արիությունը»...

Ուրբաթ երեկոյան Խաչատուր Սուքիասյանը ազատ արձակվեց «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից՝ նրա նկատմամբ խափանման միջոցը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ։ Սա, իհարկե, դեռեւս լիակատար ազատություն չէ՝ սպասվում է դատական գործընթաց, որի ելքը բնավ էլ հստակ չէ։

Խաչատուր Սուքիասյանի լավագույն փաստաբանը, հավանաբար, այն հանգամանքն է, որ երկիրը գտնվում է լրջագույն տնտեսական ճգնաժամի ճիրաններում, իսկ երկրի նախագահը հենց անցած շաբաթ արտերկրում բնակվող հայ գործարարների հետ զրույցում հերթական անգամ կարեւորել է հայ գործարարների դերը՝ « իրենց նպաստը բերելու Հայաստանի տնտեսական առաջընթացին ու զարգացմանը»։ Այսպիսի իրավիճակում խոշոր գործարարին կալանավորելը կարող է միայն վնասել պետությանը։

Հարցերը, սակայն մնում են անպատասխան՝ «ինչո՞ւ ներկայացավ» Խաչատուր Սուքիասյանը եւ «ինչո՞ւ ազատ արձակվեց»։

ԼՐԱՑՈՒՄ. Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր, 2008 թվականի հետընտրական զարգացումների առնչությամբ մեղադրվող Խաչատուր Սուքիասյանը, ով օրերս կամովին ներկայացավ իրավապահ մարմիններին, սեպտեմբերի 7-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ հրաժարվելով պատգամավորական մանդատից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG