Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցնում է հացադուլը


Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցնում է հացադուլը:
Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցնում է հացադուլը:
Արդեն 15-րդ օրը հացադուլ անող ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ դադարեցնում է հացադուլը` ընգծելով, որ «ավարտված է ազատության ծոմի առաջին արարը»:

Հացադուլից «Ժառանգության» առաջնորդին հանեց Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հովիվ, տեր Գրիգոր Հովհաննիսյանը` աղոթելով եւ օրհնելով հացը, որից ճաշակեցին նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր ընտանիքի անդամները:

Պարզաբանելով իր որոշումը` Հովհաննիսյանը նշեց, որ Ազատության հրապարակը վերջին շաբաթների ընթացքում դարձել է «ազատության, անկախության եւ ազգի միասնության հավաքատեղի», եւ եթե գործող իշխանությունների գիտակցության եւ քաղաքականության մեջ չի եղել էական փոփոխություն, ապա հասարակության մեջ գիտակցության «էական բարձրացում է տեղի ունեցել»:

«Մենք տեսանք, որ բանավեճերի, զորակցական այցելությունների, երգ ու պարի, ազատության միջոցով մեր ժողովուրդը պահանջում է իշխանության վերադարձը դեպ իրեն: Պահանջում է թե' ընտրական եղանակներով, թե' ըստ էության: Մենք տեսանք, որ հայ ժողովուրդը մերժում է կուսակցապետության վտանգը, որ այսօր տարածվում է մեր երկրի վրա: Որ պետք է վերջացնել իշխանական կոռուպցիան, շահի բախումը, հացի, աշխատանքի, մայրենի լեզվի, մաքուր միջավայրի իրավունքը վերադրաձնել հայ ժողովրդին», - ասաց նա:

«Ժառանգության» առաջնորդը նշեց նաեւ, թե վերջին շաբաթները ցույց տվեցին, որ ալեհերից մինչեւ երիտասարդ գիտակցում են, որ Հայաստանի քաղաքական խնդիրները կլուծվեն «ներքին ժողովրդավարությամբ եւ ազատությամբ», «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի սահմանադրությամբ ամրագրված սահմաններով Արցախի դե յուրե ճանաչմամբ, Հայաստան - Թուրքիա ամոթաբեր, հակապետական, հակազգային եւ հակաիրավական արձանագրությունների ստորագրությունների հետկանչի միջոցով»:

Հացադուլը դադարեցնելու` իր որոշման վրա ազդել են նաեւ այն բազմաթիվ հորդորները, որ ստացել է հազարավոր մարդկանցից, բժիշկների զգուշացումները, ինչպես նաեւ այն, որ վաղը լրանում է իր դստեր` Շուշիի 18 տարին:

Հայտարարելով, որ դադարեցնում է «Ազատության ծոմի» առաջին արարը` Հովհաննիսյանն ընդգծեց, որ «գործն ավարտված չէ», եւ անհրաժեշտ է, որ առաջիկա շաբաթների եւ ամիսների ընթացքում այն, ինչ մեկնարկել է, գտնի իր շարունակությունը:

«Դա չի նշանակում, որ պայքարը ավարտվում է: Սա մի երկար շղթայի սոսկ մի փոքր օղակն էր, որ տեղի ունեցավ այս հրաշալի հրապարակում վերջին 15 օրերի ընթացքում: Ես եւ մենք` միասին դարձյալ պիտի վերադառնանք հրապարակ եւ ամբիոններ` քաղաքացիական եւ քաղաքական գնահատական տալով մեր երկրի առջեւ կանգնած մարտահրավերներին, գործող իշխանության իրական պահվածքին, ընդդիմության շատ լուրջ հիմնախնդիրներին եւ, առաջին հերթին, այն քայլերին, միջոցառումներին, որոնք անհրաժեշտ են Հայաստանը եւ հայ ժողովրդին հետ պահելու հնարավոր կործանումից, արյունից եւ այսօրվա անարդար, անիրավ վիճակի խորացումից: Այդ պայքարը պիտի շարունակենք միասին, այդ պայքարի մեջ չի լինելու առաջամարտիկ կամ հետնապահ, չի լինելու ընդգծված լիդեր, չի լինելու թիկունքային, անտեսված քաղաքացի»:

«Ազատություն» ռադիոակայանի հարցին, թե որն էր այս 15 օրերի ընթացքում ստացված արդյունքը, Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց. - «Ոգի եւ գիտակցություն: Եվ ապագայի հեռանկարի արդեն բացվող լուսամուտ… Եկել է ակտիվ եւ համապարփակ գործողությունների ժամը: Ես էլ հազարների մեջ մեկ շարքային մասնակիցն եմ լինելու այդ պայքարի»:

Րաֆֆի Հովհաննիսյանին զննող բժիշկը նախօրեին մտահոգություն էր հայտնել նրա առողջական վիճակի առնչությամբ: Երեքշաբթի օրը հերթական զննումն անցկացնելուց հետո 4-րդ պոլիկլինիկայի բժշկուհի Թինա Մալխասյանը հորդորել էր նրան դադարեցնել հացադուլը:

Անցած օրերին Ազատության հրապարակում մի շարք քաղաքական պահանջներով հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին են այցելել Ազգային ժողովի նախագահը, Հայաստանի ոստիկանապետը, առողջապահության եւ արդարադատության նախարարները, ԱԺ-ի ընդդիմադիր եւ իշխանական կոալիցիան ներկայացնող պատգամավորներ:

«Ժառանգության» առաջնորդը, մասնավորապես, իր հացադուլի օրերին համոզմունք է հայտնել, որ այսօր ժողովրդի պահանջը եւ Հայաստանի արդի հրամայականն է «ամբողջ իշխանության արտահերթ եւ օրինավոր, նորովի ձեւավորումը»:

Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրեց հացադուլը
please wait

No media source currently available

0:00 0:04:18 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG