Երեկ երեկոյան Թուրքիայի և Ղազախստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։
Ղազախստանի նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու հարցում նրա ներդրման համար։ Էրդողանը հույս է հայտնել, որ Անկարայի ու Մոսկվայի միջև մերձեցմանն ուղղված բոլոր նախատեսված քայլերը կիրագործվեն։
Ղազախստանի նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ, Էրդողանը նաև անկեղծ շնորհակալություն է հայտնել Նազարբաևին՝ անգնահատելի և հսկա աշխատանքի համար։
Ըստ ղազախական կողմի, Էրդողանը Նազարբաևին մանրամասներ է հայտնել Պուտինի հետ երեկ կեսօրին ունեցած հեռախոսազրույցից, ապա վերջում Նազարբաևին Թուրքիա հրավիրել։
Երկու օր առաջ, հիշեցնենք, Էրդողանը Պուտինին ուղղված նամակում ափսոսանք էր հայտնել նոյեմբերին տեղի ունեցած միջադեպի համար և ներողություն խնդրել։
Թուրքական օդուժը թուրք-սիրիական սահմանին խոցել էր ռուսական ռազմական ինքնաթիռը, ռուս օդաչուն զոհվել էր։ Դեպքից հետո ռուս-թուրքական հարաբերությունները վատացել էին։ Հարաբերություններում ճգնաժամը յոթ ամիս տևեց։
Երեկ Պուտին-Էրդողան հեռախոսազրույցից հետո Ռուսաստանի նախագահը կառավարության անդամներին հանձնարարել է աշխատանքներ սկսել ռուս-թուրքական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Հանվեց նաև ռուս զբոսաշրջիկների համար Թուրքիա մեկնելու արգելքը։