Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ այսօր երեկոյան Երևանում բանակցություններ վարելուց հետո Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հույս հայտնեց, որ ղարաբաղյան բանակցություններն այս տարի կսկսվեն։
«Հույս ունեմ, որ մենք այս տարի արդեն իսկ կսկսենք ղարաբաղյան բանակցությունները: Մենք արդեն դրական պահի ենք հասել, և իմ գործընկերը հիշատակեց, թե որքան հաճախակի են դարձել հանդիպումները Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև։ Բանակցային գործընթացը տեղից չի շարժվել, միգուցե այն պատճառով, որ ճիշտ դո՞ւռ չենք գտել։ Այս առումով կան ակնկալիքներ և՛ հայկական կողմում, և՛ ադրբեջանական կողմում։ Առաջին հերթին պետք է ապահովել, որ զինադադարը նախկինի նման գործի, այնուհետև պետք է ընդլայնվեն և հզորացվեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի գրասենյակի կարողությունները, բացի այդ՝ պետք է համաձայնություն ձեռք բերվի մի մեխանիզմի շուրջ, որն այդ ամենը վերահսկի», - ասաց Շտայնմայերը՝ շարունակելով. - «Կարծում եմ, որ թե՛ կողմերին, թե՛ ԵԱՀԿ-ին պարզ է դարձել, որ տևականորեն ստատուս քվոն այստեղ հնարավոր չէ պահպանել: Մենք այն կարծիքին ենք, որ որքան շատ է տևում այս կոնֆլիկտը, այնքան մեծանում է ռազմական դրությունների էսկալացիայի ռիսկը: Այն իրավիճակը, որում հայտնվել ենք, պետք է մեզ մղի, որ առաջիկա ամիսներին վճռական քայլ կատարենք»։
Գերմանիայի արտգործնախարարի այս հայտարարությանն անմիջապես արձագանքեց Հայաստանի արտգործնախարարը։ «Իհարկե, ինչպես նշեց Ֆրանկ-Վալտերը, եթե լիակատար ձևով հարգվեն եռակողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերը՝ 1994-1995 թվականների, և համապատասխան պայմաններ ստեղծվեն՝ իրականացնելով այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, ապա հնարավոր կլինի շարունակել բանակցությունները, իսկ բանակցությունների գլխավոր էությունը և նպատակը դա Լեռնային Ղարաբաղի [հիմնախնդրի] բացառապես խաղաղ կարգավորումն է», - ասաց Նալբանդյանը։
Նա ընդգծեց՝ բանակցություններում Հայաստանը երբեք չի քննարկել և չի քննարկելու Ադրբեջանի կազմում Ղարաբաղին ինքնավարություն տալու տարբերակը։
«Եռանախագահող երկրները՝ ամենաբարձր մակարդակով, նախագահների մակարդակով, բազմիցս նշել են, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ազատ կամարտահայտության միջոցով, որը պետք է ունենա միջազգային իրավական ուժ», - ասաց Հայաստանի արտգործնախարարը։