Մատչելիության հղումներ

«Հայաստանը կորցնում է իր գլխավոր ներուժը՝ մարդը»


Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում կայացավ «Ազատության»՝ «Նոթեր խոպանից» ֆիլմի պրեմիերան։

Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում կայացավ «Ազատություն» TV-ի «Նոթեր խոպանից» ֆիլմի մարզային պրեմիերան։

Ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր Հրայր Թամրազյանը ցուցադրությունից առաջ ընդգծեց, թե ստեղծագործական խումբը գրեթե միջամտություն չի կատարել՝ թույլ տալով իրենց խնդիրների մասին պատմել հենց խոպանչիներին և նրանց ընտանիքի անդամներին։

«Դուք ձեզ կտեսնեք և դուք պետք է դատեք, թե արդյոք ճիշտ ենք կարողացել հասկանալ ձեր խնդիրները, թե ոչ», - իր ելույթում ասաց Հրայր Թամրազյանը։

Սեփական երջանկության գնով հաց վաստակող և պետբյուջեն լցնող խոպանչին մեր ժամանակի հերոսն է, շեշտեց ռեժիսորը. - «Սա մեր հարգանքի տուրքն է ձեզ և խոպանչիներին»։

Ֆիլմի գլխավոր հերոս Սուրեն Մանուկյանի մայրը, կինն ու երկու որդիները հուզված էին ցուցադրության ողջ ընթացքում։ Մոսկվայում ընտանիքից հեռու այս պահին էլ հաց վաստակող որդուն ամիսներ չտեսած մայրը ամենից շատ հուզվել էր որդու՝ ճանապարհին հաց ուտելու տեսարանից։

«Այն պահին, որ տղաս ասաց, որ այստեղ ապրում ենք «շան» նման, ճիշտ է ասում։ Ամեն ինչից կարոտ, 15 տարի իմ երեխեն Հայաստանի թարմ ծիրան չի կերել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մանուկյանի մայրը։

Սուրենի կինը՝ Ալլա Մանուկյանը քչախոս էր, ինչպես ֆիլմի նկարահանումների ժամանակ, այս անգամ պատճառը հուզմունքն էր։ «Շատ-շատ հուզվել եմ», - ասաց Ալլա Մանուկյանը։

Ցուցադրությանը ներկա Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը դահլիճից դուրս էր եկել ծանր զգացողությամբ։ «Հարվածի տակ է դրված մեր գենոֆոնդը», - ասաց պատգամավորը։

«Որևիցե պաշտոն ես զբաղեցնում, կամ իշխանություն ես ներկայացնում, ուրեմն պետք է պատրաստ լինես նմանատիպ բաների հետ առերեսվելու, բաց աչքերով դեմ դիմաց դուրս գալու և փորձել ինչ-որ բան անել։ Իհարկե շատ բան այսօր հնարավոր չէ, բայց ինչ-որ բան պետք է անել, որովհետև շարունակությունը պետք է մտածես, որ դու կորցնում ես ընդամենը քո գենոֆոնդը», - «Ազատության» հետ զրույցում ասաց հանրապետական պատգամավորը։

Հոռոմ գյուղի դպրոցի տնօրեն Անահիտ Գալստյանը հույս հայտնեց, որ սա կլինի ահազանգ կառավարությանը։ «Հավուր պատշաճի ուշադրություն դարձնեն աշխատատեղեր ստեղծելուն, որ մեր երիտասարդները չգնան հայրենիքից, աշխատեն այստեղ։ Պատկերացնո՞ւմ եք, այս տաղանդավոր, աշխատասեր, արարող ժողովրդին դրսում երկրորդ կարգի մարդկանց տեղ են դնում», - եզրափակեց Գալստյանը։

Գյումրիի Մանկավարժական ինստիտուտի դասախոս Աստղիկ Բախալբաշյանն էլ ընդգծեց, թե Հայաստանը կորցնում է իր գլխավոր ներուժը՝ մարդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG