Մատչելիության հղումներ

Սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման համար «տարիներ են պետք»


Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման հարցին կողմերի հայտարարությունում որևէ անդրադարձ չկա։ Պաշտոնական Ստեփանակերտը կարծում է, որ բոլոր հարցերը միանգամից չեն լուծվում, համբերություն է պետք։

Սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին համաձայնությունը մայիսի 16-ին Վիեննայում էր ձեռք բերվել։

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի խոսքով, այդ մեխանիզմների ներդրման համար տարիներ են պետք․ - «Իհարկե, լավ կլինի, ցանկալի կլինի, որ ինչքան շուտ՝ այնքան լավ: Բայց պատկերացրեք ինչպիսի դա գործընթաց է․ պետք է մշակվեն մեխանիզմներ, այնուհետև սկսեն դրանք կիրառվել, հետո փորձել ֆիքսել զինադադարի ռեժիմի խախտումները, այնուհետև պատասխանատվության ենթարկել․․․»

Ստեփանակերտում սանկտպետերբուրգյան երեկվա հանդիպումը արդյունավետ են համարում, հատկապես կարևորում են հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվի ավելացումը։

Դավիթ Բաբայանի կարծիքով՝ սահմանային իրավիճակը տեղում գնահատող մասնագետների թվի ավելացումը կարող է նաև ամրապնդել հրադադարը․ - «Միգուցե նաև մշտադիտարկումների թիվը ավելանա, միանգամից մի քանի տեղում մշտադիտարկում անեն․․․ Սա արդեն տեխնիկական հարցեր են, որոնք ժամանակի ընթացքում կերևա, թե ինչ ուղղություն է ստանում այդ նոր մասնագետների աշխատանքը»:

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանականները նույնպես կարծում են, որ դիտորդների թվի ավելացումը որոշակի առումով կարելի է նաև սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մաս համարել։ ԼՂ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը կարծում է, որ դիտորդները իրենց հետ նաև մեխանիզմներ կբերեն․ - «Ենթադրվում է, որ եթե մոնիտորինգի անձերի ու սուբյեկտների քանակությունը մեծացվում է, հավանաբար այդ մոնիտորինգը պետք է կատարվի որոշակի տեխնիկական միջոցների օգնությամբ»:

Ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը, մինչդեռ, վստահ է, որ դիտորդների աշխատանքը ոչինչ չի տա, քանի որ նախկին փորձը ունեն: Ինչ վերաբերում է տեխնիկական միջոցներին, ապա, նրա կարծիքով, Ադրբեջանը ամեն գնով խուսափելու է դրանից․ - «Ես կարծում եմ, որ նույնիսկ այդ միջոցների տեղադրումը դրական ոչինչ չի տալու, և պատերազմի սանձազերծման դեպքում դա նույնպես էական ազդեցություն չի կարող ունենալ: Հնարավոր է ընդամենը ավելանան ԵԱՀԿ միջնորդ երկրների տարբեր գնահատականներ, այդ թվում՝ կոնկրետ հասցեատերերի ուղղելով մեղադրանքները, սակայն դա նույնպես էական ոչինչ չի փոխի, քանզի դրանք ընդամենը մնում են դեկլարատիվ մակարդակի վրա»:

Ապրիլյան քառօրյա պատերազմական գործողություններից հետո ղարաբաղյան կողմը պնդում էր, որ բանակցությունները արդյունք կունենան, եթե պաշտոնական Ստեփանակերտն էլ վերադառնա գործընթաց։ Երեկ ռուսաստանյան «Վզգլյադ» պարբերականին տված հարցազրույցում այս տեսակետը կրկին պնդել է Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ հայտարարելով, որ Ադրբեջանի պատճառով է հակամարտության վերջնական կարգավորումը ձգձգվում:

«Մենք պահանջում ենք բանակցային գործընթացում ԼՂՀ-ի լիարժեք մասնակցության ֆորմատի վերականգնում: Առանց ղարաբաղյան կողմի անմիջական և ամբողջական մասնակցության չի կարող որևէ հաջողություն գրանցվել, քանի որ այնտեղ հենց Ղարաբաղի հարցն է լուծվում, և Ղարաբաղի բնակչությունն է, որ պետք է համաձայնություն տա հիմնախնդրի կարգավորման վերջնական տարբերակին», - ասել է Հարությունյանը:

XS
SM
MD
LG