Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի տեղեկություններով՝ Հայոց ցեղասպանության ժխտումը Ֆրանսիայում քրեականացնող նոր օրինագծի տեքստը գրեթե պատրաստ է, «և առաջիկայում այդ մասին կլսենք»:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը դեսպանը ընդգծեց, որ օրինագիծը, սակայն, չի վերաբերում միայն Հայոց ցեղասպանության ժխտմանը, այլ՝ Ֆրանսիայի կողմից ճանաչված բոլոր ցեղասպանություններին:
«Այս հունվարին Ֆրանսիայի հայկական կառույցների համակարգող ժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ելույթ ունեցավ և հստակորեն ասաց, որ պետք է կրկին սկսել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման գործընթացը: Հստակ հանձնարարություն տրվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին նախագահ Ժան-Պոլ Կոստային՝ ձեռնամուխ լինել նոր օրինագծի մշակման աշխատանքներին: Ենթադրում եմ, որ նոր օրինագծի տեքստը գրեթե պատրաստ է: Առաջիկայում մենք օրինագծի մասին կլսենք», - ասաց դեսպանը։
2011 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն տվեց պատգամավոր Վալերի Բուայեի ներկայացրած օրինագծին, ըստ որի, քրեականացվում էր Հայոց ցեղասպանության ժխտումը:
Հաջորդ տարվա հունվարին օրինագիծն անցավ նաև Ֆրանսիայի Սենատում, սակայն մեկ ամիս անց՝ փետրվարին, Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը երկրի Սահմանադրությանը հակասող ճանաչեց Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող այդ օրինագիծը՝ նշելով, որ «[ցեղասպանության] ժխտման համար տույժ և քրեական պատասխանատվություն սահմանելով, օրենսդիրները հակասահմանադրական ոտնձգություն են կատարել խոսքի և արտահայտման ազատության նկատմամբ»:
Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից էր:
Անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների պետերբուրգյան հանդիպմանը՝ Շարպանտիեն «լավ նշան» համարեց այն, որ Սարգսյանն ու Ալիևը սկսել են հաճախակի հանդիպել, նաև պարտավորվել են կանոնավոր դարձնել այդ հանդիպումները և խոսում են խաղաղությունից: Դեսպանը հավելեց՝ ԵԱՀԿ շրջանակում աշխատանքներ են տարվում վստահության մեխանիզմների ստեղծման ու ներդրման համար:
«Ինչ վերաբերում է վստահության մեխանիզմներին, դա առաջին հերթին ենթադրում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի իրավասությունների ընդլայնում և շփման գծի երկայնքով հետաքննության, հսկողական մեխանիզմների տեղադրում: Այսինքն՝ մարդկանց տեղակայում: Խոսքը խաղաղապահ ուժերի տեղակայման մասին չէ, խոսքը դիտորդների թվի մեծացման մասին է», - ասաց Շարպանտիեն։