Այսօրվանից անժամկետ հացադուլ է սկսել ազատամարտիկների բողոքի ակցիաներ նախաձեռնելուց հետո խարդախության մեջ մեղադրված ու 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը, «Ազատության»-ը փոխանցեց արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը։
Վոլոդյա Ավետիսյանն իր կնոջ միջոցով բաց նամակ է տարածել՝ ուղղված Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, Ազգային ժողովի պատգամավորներ Էլինար Վարդանյանին («Համախմբում»), Զարուհի Փոստանջյանին («Ժառանգություն»), Նիկոլ Փաշինյանին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցին:
Նամակում մասնավորապես ասված է. - «Հարգելի պարոնայք, եթե ձեզ հարցնեն Հայաստանում օրենքը գործում է թե ոչ, դուք կպատասխանեք՝ «իհարկե գործում է»: Իսկ եթե մենք չհամաձայնենք ձեզ հետ, դուք ի՞նչ կպատասխանեք: Դուք կպատասխանեք՝ «եթե այդպիսի դեպք կա, որ դիմել եք և չի գործում, ապա ապացուցեք, մենք էլ օրենքը գործի կդնենք»: Ահա թե ինչ է տեղի ունեցել…. խոսքը վերաբերում է կոնկրետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկին, մասնավորապես՝ 2015 թվականի հոկտեմբերին մի խումբ կալանավորներ անժամկետ հացադուլ հայտարարեցին, քանի որ չէր գործում վաղաժամ արձակումը, բաց ռեժիմը և մի շարք այլ կետեր: ՔԿՀ եկան մի խումբ պաշտոնյաներ և պատգամավորներ, նրանց մեջ էին գլխավոր դատախազության ներկայացուցիչը, արդարադատության նախարարությունից, պատգամավորներ, մարդու իրավունքների պաշտպանը, ՔԿՀ-ի վարչության պետի տեղակալը, մի խոսքով՝ լուրջ պատվիրակություն: Նրանք խոստացան, որ օրենքի գործելու մասին փաստը մեզ շուտով ցույց կտան: Այցից անցել է 10 ամիս, տեղի են ունեցել բազմաթիվ Ազգային ժողովի նիստեր, սակայն խոստացված այդ օրենքի գործելու մասին՝ ոչ մի պատասխան»։
Ավետիսյանը գրել է, որ իրենք՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ի մի խումբ դատապարտյալներ, գիտեն, որ դատարանն իրենց զրկել է ազատ տեղաշարժվելու իրավունքից, ոչ թե մտածելու, օրենքից օգտվելու, քնելու, բուժվելու, տեսակցություն ստանալու, վաղաժամկետ ազատվելու և բաց ռեժիմին անցնելու իրավունքից:
«Մենք խնդրանքով դիմում ենք ձեզ բաց նամակի տեսքով, որ հրավիրենք ձեր ուշադրությունը, որպեսզի օրենքով սահմանված կարգով գործի օրենքը, քանզի ոտնահարվում են մեր իրավունքները: Մեր հաջորդ քայլը լինելու է հացադուլը, որը մեզ էլ ցանկալի չէ: Մենք գիտենք, որ կալանավորների կյանքը Ձեզ համար արժեք չունի, բայց ստիպված դիմելու ենք այդ ծայրահեղ քայլին, որպեսզի Ձեր ուշադրությունը սևեռենք մեր խնդիրների վրա: Խնդրում ենք արձագանքել մեր նամակին: Հարգանքներով և հույսով սպասում ենք Ձեր միջամտությանը, որպեսզի եղած օրենքը գործի: Եվ պահանջում ենք, որ այդ «Անկախ հանձնաժողովը» լուծարվի: Մի խումբ դատապարտյալների անունից դատապարտյալ Վոլոդյա Ավետիսյան», - ասված է նամակում։