Լեռնային Ղարաբաղում 1994 թվականից ի վեր ամենալուրջ ռազմական գործողությունների մասին, որոնք տեղի ունեցան ապրիլին, տեղյակ են ռուսաստանցիների 70 տոկոսը: Այս մասին են վկայում «Լևադա» կենտրոնի վերջին հարցումների արդյունքները, որոնք հրապարակված են կենտրոնի կայքում:
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների նախաձեռնողը, ըստ հարցվածների 23 տոկոսի, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի անդամ երկրներն են, 19 տոկոսը կարծում է, որ ռազմական գործողությունների հրահրողը Ադրբեջանն է, 15 տոկոսն էլ համոզված է, որ Թուրքիան է:
Հարցումների համաձայն՝ ռուսաստանցիների 59 տոկոսը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական բախումների մասին «լսել է ինչ-որ բան, բայց ոչ մանրամասն»: Հարցվածների միայն 11 տոկոսն է հետևում իրադարձությունների զարգացմանը, իսկ 30 տոկոսն ընդհանրապես տեղյակ չէ, որ հակամարտությունը սրվել է:
Հակամարտության հարցում ռուսաստանցիների շրջանում բացահայտ նախապատվություններ չկան. 67 տոկոսը չի համակրում «ոչ մեկ, ոչ էլ մյուս կողմին», հարցվածների 15 տոկոսը համակրում է հայկական կողմին, ընդամենը 4 տոկոսը՝ ադրբեջանական. 15 տոկոսն էլ դժվարացել է միանշանակ պատասխանել:
Հարցին, թե այս հակամարտությունում ո՞ր կողմին պետք է աջակցի Ռուսաստանը, 66 տոկոսը պատասխանել է՝ կողմերից և ոչ մեկին, 11 տոկոսը համոզմունք է հայտնել , որ Ռուսաստանը պետք է Հայաստանին աջակցի, իսկ 3 տոկոսն էլ՝ Ադրբեջանին:
Խաղաղարար գործողությունների հարցում պատկերն այլ է. հարցվածների 29 տոկոսը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է տեղակայվեն ռուսական խաղաղարար ուժեր, 17 տոկոսը ընդհանուր առմամբ դրական է համարում նման սցենարը, իսկ 24 տոկոսը՝ բացասական, հարցվածների 12 տոկոսն էլ հայտարարել է, թե կտրականապես դեմ է:
«Լևադա»-ի հարցումների համաձայն, Ռուսաստանի քաղաքացիների 40 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին՝ արդյոք Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի՞, Հայաստանի՞ կազմում, թե՞ պետք է լինի անկախ պետություն: 6 տոկոսը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, 11 տոկոսը՝ Հայաստանի, 44 տոկոսն էլ համոզմունք է հայտնել, որ Ղարաբաղը պետք է լինի անկախ: