Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հյուրընկալում է «Ֆորմուլա 1» մրցաշարը


Ադրբեջան - «Ֆորմուլա 1»-ի մրցուղին, Բաքու, 15-ը հունիսի, 2016թ.
Ադրբեջան - «Ֆորմուլա 1»-ի մրցուղին, Բաքու, 15-ը հունիսի, 2016թ.

Առաջնությունը տեղի է ունենում երկրում, որտեղ կա ութ տասնյակ քաղբանտարկյալ:

Պրոֆեսիոնալ ավտոմոբիլային սպորտի պատմության ընթացքում առաջին անգամ Բաքվում մեկնարկելու է «Ֆորմուլա 1» Գրան պրի եվրոպական մրցաշարը:

Այսօր, վաղը և շաբաթ օրը մարզական մրցումներ են, իսկ կիրակի օրը՝ պաշտոնական մրցարշավը: Գերարագ բոլիդները 51 անգամ պտտվելու են նորակառույց 6-կիլոմետրանոց ճանապարհով:

Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է «Ֆորմուլա 1»-ը կազմակերպող ընկերության գործադիր տնօրեն Բերնի Էքլսթոնին: Պաշտոնական Բաքուն անչափ ուրախ է: Անցած մի քանի տարում այդ քաղաքում տեղի են ունեցել տարատեսակ միջազգային ֆորումներ և խոշոր միջոցառումներ՝ 2012-ի Եվրատեսիլ երգի մրցույթը, անցյալ տարվա Եվրոպական խաղերը, և հիմա էլ՝ «Ֆորմուլա 1»-ը:

Ընդ որում, ավտոմոբիլային մրցաշարը միանվագ միջոցառում չէ և հետայսու պարբերաբար տեղի կունենա Ադրբեջանի մայրաքաղաքում: Իշխող վարչակարգը դա, իհարկե, ներկայացնում է որպես նախագահ Իլհամ Ալիևի հմուտ քաղաքականության արդյունք և խոշոր նվաճում:

«Ֆորմուլա 1»-ի անցկացումը թույլ է տալիս ամբողջ աշխարհին ներկայացնել Ադրբեջանի զարգացման գործընթացը»,- ասել է Ալիևը Էքլսթոնին:

Այդ մրցումներին հեռուստատեսությամբ հետևում է մոտ կես միլիարդ մարդ, հետևաբար՝ առաջիկա օրերին և հատկապես հունիսի 19-ին Բաքուն կհայտնվի ավտոմոբիլային սպորտի սիրահարների այդ հսկայական բանակի ուշադրության կենտրոնում:

Սա փիառի առումով իսկապես նվաճում է, ցուցադրական, տոնական գործոն, բայց որքան էլ Ալիևի ռեժիմը փորձի Ադրբեջանը ներկայացնել որպես գերարդիական զարգացած երկիր, միևնույն է, գոյություն ունի «Ֆորմուլա 1»-ի մեդալի, այսպես ասած, մյուս կողմը:

Միջազգային իրավապաշտպան կառույցները հաղորդում են, որ հանրության կարծիքն Ադրբեջանում բացարձակապես նշանակություն չունի: Ալիևի կլանը դաժանորեն լռեցնում է այլախոհներին, նույնիսկ ամենահամեստ քննադատությունն արժանանում է կոշտ հակազդեցության:

Այդ մասին է վկայում բանտեր նետված ընդդիմադիր ակտիվիստների, լրագրողների և բլոգերների թիվը: Այն, ի դեպ, անցած ամիսներին բավական կրճատվել է, բայց միևնույն է մեծ է։

Ամերիկայի նախկին դեսպան, «Սպորտը հանուն իրավունքների» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Ռեբեքա Վինսենթն ասել է, որ Բաքուն «Ֆորմուլա 1»-ն օգտագործում է զուտ պրոպագանդայի համար:

Կազմակերպությունը նամակով դիմել է Բերնի Էքլսթոնին՝ հորդորելով նրան օգտագործել «Ֆորմուլա 1»-ի առիթը և հրապարակավ դատապարտել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները:

Ռեբեքա Վինսենթի փոխանցմամբ, կառույցը դիմել է նաև երգիչներ Խուլիո Իգլեսիասին, Քրիս Բրաունին և Ֆարել Ուիլյամսին, ովքեր Բաքվում իրենց համերգներով պետք է, այսպես ասած, «ծաղկացնեն» ավտոմրցաշարը:

«Ֆորմուլա 1»-ի կառավարիչը և փոփ աստղերը դեռ չեն արձագանքել:

Բաքվի վրա ճնշում բանեցնելու կոչով հանդես է եկել նաև Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը:

Freedom House-ը մայիսին հրապարակել է զեկույց, որի համաձայն՝ Ադրբեջանում այսօրվա դրությամբ կա ավելի քան 80 քաղբանտարկյալ:

XS
SM
MD
LG