Մատչելիության հղումներ

Օմբուդսմեն․ Ես որևէ գնահատական տալու իրավունք չունեմ


Արման Թաթոյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:
Արման Թաթոյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրաժարվում է մեկնաբանել, թե արդյոք Գևորգ Սաֆարյանը քաղաքական հայացքների համար է հետապնդվում:

«Ազատության» հետ զրույցում օմբուդսմենը միայն փոխանցեց, որ կալանավայրում տեսակցել է ընդդիմադիր ակտիվիստին, փորձել աջակցել, որպեսզի նա անհրաժեշտ բժշկական օգնություն ստանա․ - «Ինչ վերաբերվում է գնահատականներին՝ կարգավիճակի հետ կապված, այս պահին դատական քննություն է ընթանում, ես որևէ գնահատական իրավունք չունեմ տալու»:

Ի պատասխան դիտարկմանը, թե միջազգային կառույցները անհամաչափ են համարում Սաֆարյանի նկատմամբ ընտրված և արդեն շուրջ հինգ ամիս կիրառվող խափանման միջոցը՝ հաշվի առնելով նրան մեղսագրվող հոդվածը, Թաթոյանը կրկնեց, թե դատական քննություն է ընթանում, ապա պարզաբանեց․ - «Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը ուղղակիորեն արգելում է պաշտպանին որևէ գնահատական տալ կամ գործողություն կատարել այն գործով, որն արդեն դատարանի վարույթում է: Այնպես որ, այստեղ ես ուղղակի ոչինչ չեմ կարող [անել] այդ իմաստով: Այդ հարցը պետք է ներկայացվի դատարանի քննությանը»:

Նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը իր հրաժարականից առաջ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին դիմում էր ուղարկել, որում հստակ նշել էր, թե Ամանորի գիշերը ոստիկաններն են բռնության ենթարկել քաղաքացիներին:

Ուսումնասիրելով տեսագրությունը՝ Մարդու իրավունքների նախկին պաշտպանը գրել էր․ «․․․ոստիկանության առանձին ծառայողներ ձեռքերով և ոտքերով հարվածում են քաղաքացիներին (նրանց թվում նաև՝ Գևորգ Սաֆարյանին), իսկ ոստիկաններից մեկին՝ Գեղամ Խաչատրյանին, մյուս ոստիկանները պարբերաբար հեռացնում են միջադեպի վայրից, սակայն նա կրկին վերադառնում և հարվածում է քաղաքացիներին»:

Հենց Գեղամ Խաչատրյանն է այժմ գործով տուժող և պնդում է, որ Գևորգն է իրեն հարվածել:

Հիշեցնելով, որ իրավապահները միայն բացառիկ դեպքերում կարող են ուժ կիրառել՝ Անդրեասյանը միաժամանակ շեշտել էր, թե ոստիկանության ծառայողը «պարտավոր է ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիթ, վայելուչ և հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ, ունենալ պատշաճ իրավագիտակցություն»:

Արման Թաթոյանը չի մեկնաբանում նաև Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսի բացակայությունը՝ պատճառաբանելով, թե դա քաղաքական հարց է: Նրա խոսքով, միայն պրակտիկան ցույց կտա ընդունված փաստաթղթի որակը:

«Ազատության» հարցին, թե արդյոք ԸՕ-ում որևէ բան անհանգստացնում է իրեն, օմբուդսմենը պատասխանեց․ - «Այդտեղ, կարծում եմ, պետք էր ավելի ուշադրություն դարձնել սեռերի հավասարությանը, մասնավորապես, ցուցակների կազմելու հետ կապված, որը նույնպես մենք նշել էինք: Մի քանի հարց, որ վերաբերում էր նաև դիտորդների և լրագրողների ներկայությանը»:

Իսկ ընդդիմադիրների և քաղհասարակության գլխավոր պահանջին՝ հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակները, Մարդու իրավունքների պաշտպանը միանշանակ չի արձագանքում․ - «Ստորագրված ցուցակների բացման հետ կապված պետք է պահպանվեն միջազգային չափանիշները: Մասնավորապես, կոնկրետ սուբյեկտների մասով, օրինակ, դրանք պետք է հրապարակվեն և հնարավորություն տրվի ծանոթանալու, ասենք, ովքեր որ ընտրական գործընթացի մասնակից են: Թե օրենսդրական լուծումները ինչպես ստացվեցին և պրակտիկան ինչպես կընթանա, մենք դա ընթացքում կպահենք անընդհատ մոնիտորինգի տակ»:

Արդեն ընդունված օրենսգրքով քվեարկության մասնակիցների անունները չեն հրապարակվելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG