Մատչելիության հղումներ

Ղարաբաղում բռնություն է կիրառվել Հայկ Խանումյանի նկատմամբ


Այսօր առավոտյան ծեծի ենթարկված Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի մոտ բժիշկները, նախնական տվյալներով, արձանագրել են քթի, այտոսկրի, ինչպես նաև կողային երկու ողերի կոտրվածք:

Պատգամավորը քիչ առաջ տեղափոխվեց ընդհանուր հիվանդասենյակ, նա գտնվում է բժիշկների և ոստիկանների հսկողության տակ:

«Ազատությանը» հաջողվեց հիվանդասենյակում կարճատև զրույց ունենալ Հայկ Խանումյանի հետ: Նա պատմեց, որ երբ դուրս է եկել Ազգային ժողովի շենքից, իրեն մոտեցել են 7-8 հոգի զինվորական համազգեստով անձինք, ծեծելով նստեցրել են մեքենան, տարել Ստեփանակերտի հարևանությամբ գտնվող Խնածաղ գյուղ, որտեղ մոտ 20 հոգով սկսել են հարվածել:

Ղարաբաղի ոստիկանությունից «Ազատությանը» տեղեկացրեցին, որ քրեական գործ առայժմ հարուցված չէ, հաղորդում են ստացել պատգամավորի կնոջից և այս պահին էլ շարունակում են քննչական գործողությունները դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիվանդանոցում Խանումյանին այցելեց նաև Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով երկարատև բացակայությունից հետո երեկ վերադարձել էր Ղարաբաղ և այստեղ արժանացել ջերմ ընդունելության՝ շուրջ հազար ղարաբաղցիներ աղ ու հացով, ծափողջյուններով և երաժշտությամբ էին դիմավորել Ղարաբաղի Ազգային հերոսին: Խանումյանի հետ հանդիպումից հետո Բաբայանը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա ասաց, թե Խանումյանը պատմել է, որ իրեն ստիպողաբար գրել են տվել, թե իբր Սամվել Բաբայանի դիմավորումը կազմակերպել է փողի դիմաց, որը ստացել է Սամվել Բաբայանից: Բացի այդ, պատգամավորին տեսանկարահանել են և ստիպել են կրկնել նույն խոսքերը:

«Ծեծել են, ստիպել են, որ գրես, որ փող եմ տվել երեկվա հավաքի համար, որ կազմակերպի: Մթոմ՝ ես եմ վճարել: Ստիպել են, որ թուղթ գրի, ստորագրի դրա տակ: Ասումա՝ սպառնացել են, որ՝ քեզ կսպանենք: Ծեծելու պահին իրա պատմելով: Դա Ղարաբաղում արդեն 16 տարիա՝ կատարվումա, նորություն չի: Մարդկանց բռնի ենթարկացնեն, էդքան մի բան: Էլ ի՞նչ կա: Վախեցնեն, թույլ չտան շունչ քաշեն: Նորմալա, էլի», - մեկնաբանեց Բաբայանը:

Ծեծել են, ստիպել են, որ գրի, թե երեկվա հավաքի համար փող եմ տվել․ Բաբայան
please wait

No media source currently available

0:00 0:05:03 0:00

Ի դեպ՝ Ստեփանակերտի կենտրոնում տեղի ունեցած այդ միջադեպին ականատես է եղել նաև «Սիվիլնեթ»-ի լրագրող Դերենիկ Մալխասյանը, ով պայմանավորված է եղել Հայկ Խանումյանի հետ հարցազրույցի համար: «Ազատության» հետ զրույցում Դերենիկ Մալխասյանն ասաց, որ իրենք սրճարանում սպասելիս են եղել, տեսել են, թե ինչպես է Հայկ Խանումյանը դուրս գալիս Ազգային ժողովի շենքից, անգամ ձեռքով բարևել են նրան, և հենց այդ պահին նկատել են, որ զինվորական համազգեստով անձինք են մոտեցել, սկզբում զրուցել են, հետո սկսել են ծեծել պատգամավորին: Մալխասյանը փորձել է տեսանկարահանել այդ ամենը, սակայն զինվորական համազգեստով մարդիկ ձեռքից վերցրել են հեռախոսը և տարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG