Մատչելիության հղումներ

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվեց վիզային ռեժիմի ազատականացման համաձայնագիրը


Իրանի նախագահ Հասան Ռոհանին ընդունում է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, արխիվ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ընդունում է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, արխիվ

Երեկ պաշտոնական այցով Թեհրան ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Ռոհանին նշել է, որ Հայաստանն ու Իրանը ունեն ամուր և կայուն բարեկամական հարաբերություններ, և կարևորել է դրանց առավել ամրապնդումն ու խորացումը։ Նա հավելել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռք բերումից և պատժամիջոցների վերացումից հետո լավ հնարավորություն է ստեղծվել` բոլոր ոլորտներում զարգացնելու երկկողմ առևտրատնտեսական կապերը, և հարկավոր է գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Նալբանդյանը Իրանի նախագահին է փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը և ջերմ ողջույնները:

Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը անդրադարձել են երկու երկրների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքին, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Ռոհանին նշել է, որ, թեև երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներում գրանցվել է առաջընթաց, գործակցության մեծ ներուժ է առկա, որը պետք է համատեղ ուժերով կյանքի կոչել։ Զրուցակիցները համակարծիք էին, որ երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը լրացուցիչ խթան կհանդիսանա բարեկամ ժողովուրդների, հատկապես գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացմանը և զբոսաշրջության զարգացմանը։

Նալբանդյանն անդրադարձել է կյանքի կոչված և իրականացվող համատեղ տնտեսական ծրագրերին և շեշտել Հայաստանի պատրաստակամությունը` նոր առավել հավակնոտ նախագծեր մշակել և իրագործել, ինչպես ի շահ երկու հարևան երկրների տնտեսական զարգացման, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության։ Այս առումով կարևորվել է թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով գործակցությունը։

«Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը, մայիսին Վիեննայում կայացած գագաթաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված ջանքերը: Այս համատեքստում նախագահ Ռոհանին ընդգծեց, որ Իրանը մշտապես սատարել է տարածաշրջանում անվտանգության, կայունության և խաղաղության ապահովումը` առկա խնդիրների խաղաղ կարգավորման ուղղությամբ, և վերահաստատեց, որ իր երկիրը սատարում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հագուցալուծումը։ Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Իրանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում», - ասված է հաղորդագրությունում:

Իրանի նախագահը խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները հաղորդել Հայաստանի նախագահին և նշել, որ մտադիր է մոտ ժամանակներս այցելել Հայաստան:

Նույն օրը կայացել է Իրանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը ասել է, որ Թեհրանը և Երևանը միջազգային ասպարեզում համագործակցությունը ամրապնդելու ներուժ ունեն, և, իրանական Press TV-ի փոխանցմամբ, նշել է․ - «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջին ճգնաժամին, մենք երկու կողմերին հորդորում ենք զսպվածություն ցուցաբերել և պատրաստ ենք գործադրել բոլոր ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար»:

Mehr գործակալության փոխանցմամբ՝ երկու կողմերը հաստատել են Իրանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները զարգացնելու մղումները:

Press TV-ի փոխանցմամբ՝ Զարիֆը, նշելով հայ - իրանական ջերմ կապերը, հույս է հայտնել, որ մշտական խորհրդակցությունները կօգնեն զարգացնել երկկողմ հարաբերությունները, կնպաստեն տարածաշրջանի խաղաղությանը, առաջընթացին և բարգավաճմանը: Նա ասել է, որ կողմերը կարող են ընդլայնել կապերը և ծրագրերի իրականացումը տարածաշրջանային երկրների հետ գազի, էլեկտրականության և երկաթուղային հաղորդակցության ոլորտներում:

Իրանի արտգործնախարարը նաև ասել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ անցյալ տարի ձեռք բերված համաձայնությունների շրջանակում Միացյալ Նահանգները պետք է ավելի օբյեկտիվ քայլեր կատարի՝ երաշխավորելու Իրանի հետ միջազգային բանկային գործողությունները: Press TV-ն նշում է, որ չնայած պատժամիջոցների վերացմանը՝ եվրոպական շատ բանկեր խուսափում են Իրանի հետ գործարքներից և բանկային-ֆինանսական գործողություններից՝ զգուշանալով ԱՄՆ-ի պատժամիջոցներից:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը միջազգային հարաբերություններում 2015 թվականի ամենանշանակալի ձեռքբերումներից էր, ինչը մեկ անգամ ևս ի ցույց դրեց, որ քաղաքական կամքի առկայության պարագայում դիվանագիտական ու բանակցային ճանապարհով կարելի է հասնել ցանկացած, նույնիսկ ամենաբարդ խնդիրների լուծմանը:

Նույն օրը Իրանի նախագահի նստավայրում Նալբանդյանը և Զարիֆը ստորագրել են երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման մասին հուշագիրը, հաղորդում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG