Մատչելիության հղումներ

The New York Times. «Այո, դա ցեղասպանություն է»


Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Բունդեսթագի ընդունած բանաձևն է:

«Այո, դա ցեղասպանություն էր». այսպես է վերնագրել իր այսօրվա խմբագրականը The New York Times օրաթերթը:

«Գրեթե ամեն տարի Թուրքիան ջղաձգումների գիրկն է ընկնում, երբ որևէ մեկը համարձակվում է ճշմարտությունն ասել նրա մութ անցյալի մասին: Այս անգամ Թուրքիան հետ է կանչել Բեռլինում հավատարմագրված իր դեսպանին և ծանր հետևանքներով է սպառնում, այն բանից հետո, երբ գերմանական խորհրդարանը քվեների ճնշող մեծամասնությամբ Օսմանյան կայսրությունում հարյուր տարի առաջ տեղի ունեցած հայերի կոտորածը ցեղասպանություն որակեց», - կարդում ենք The New York Times-ի խմբագրականում:

«Պարոն Էրդողանի հայտարարությունները դատարկ սպառնալիքներ չեն: Թուրքիան Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի առանցքային գործընկերն է, կարևոր է նաև Գերմանիայի ու Եվրամիության համար` սիրիացի փախստականների հոսքը կասեցնելու համատեքստում: Տիկին Մերկելը երեկվա քվեարկությանը ներկա չէր, թեև չընդդիմացավ դրա անցկացմանը: Օբաման, օրինակ, 2008-ին նախագահի թեկնածու եղած ժամանակ խոստացավ 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչել, սակայն հետագայում չդիմեց այդ քայլին», - գրում է The New York Times-ը` հավելելով. - «Գերմանացիները, սակայն, ովքեր հիացմունքի արժանի ձևով կարողացան առերեսվել սեփական պատմության ընթացքում տեղի ունեցած ցեղասպանությանը, ճիշտ պահվածք ցուցաբերեցին` չընկրկելով Էրդողանի սպառնալիքների առջև»:

«Արդյո՞ք Բունդեսթագում կայացած քվեարկությամբ Թուրքիան կորցրեց իր միակ եվրոպացի բարեկամին», - այս հարցի պատասխանն է փորձում գտնել Foreign Policy հանդեսը՝ մեջբերելով Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի թուրքական հետազոտությունների բաժնի հիմնադիր Բյուլենթ Ալիրիզայի խոսքը․ - «Մի իրավիճակում, երբ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը բավական ծանր կացության մեջ է, Գերմանիան իրականում միակ պետությունն է մնացել, որ կարող էր ըմբռնումով մոտենալ Անկարայի խնդիրներին: Գրեթե միանշանակ է, որ տեղի ունեցածը կազդի թուրք-գերմանական հարաբերությունների վրա, սակայն դժվար է ասել` արդյո՞ք բարդությունները ավելի հեռուն կգնան, քան դեսպանին հետ կանչելն ու [թուրքական] խորհրդարանի պատասխան հայտարարությունը»:

«Գերմանիայի հետ կոնֆլիկտը կարող է շատ թանկ արժենալ դիվանագիտական մեկուսացման և տնտեսական անկայունություն պայմաններում գտնվող Թուրքիայի համար», - The Los Angeles Times-ի հետ զրույցում նշում է Սենթ Լոուրենսի համալսարանի պրոֆեսոր, թուրքագետ Հովարդ Այզենշտադը: «Ցեղասպանության ժխտումը Թուրքիայի պատմական հիշողության բաղկացուցիչ մասն է: Այս մտայնության հիմքում ընկած է այն պնդումը, ըստ որի, ոչ-մահմեդական փոքրամասնությունները համագործակցում էին Արևմուտքի հետ` երկիրը մասնատելու նպատակով: Սա մի մոտեցում է, որ Թուրքիայում որպես Արևմուտքի հետ հարաբերությունների հիմք է ծառայում: Բունդեսթագում հաստատված բանաձևը թուրքերի մեծամասնության համար վերոհիշյալ մտայնության ևս մեկ օրինակն է», - ասում է Այզենշտադը:

«Թուրքիան ոչ թե ցանկանում է ավելի եվրոպական դառնալ, այլ հակառակը», - Financial Times-ում հրապարակած հոդվածում պնդում է հայտնի թուրք արձակագիր Էլիֆ Շաֆաքը: «Մեկուսացման կողմնակիցները թուրքերին ասում են, որ եվրոպական մոդելը ձախողվել է, և հարկավոր է նոր, ազգային խառնվածքին համապատասխան մի տարբերակ գտնել: Եվրոպացի քաղաքական գործիչները, որոնց որպես հակաթուրքական տրամադրություններ դավանող են ներկայացնում, իրականում նպաստում են Թուրքիայում կոշտ մոտեցման կողմնակիցների դիրքերի ամրապնդմանը: Օրինակ, դեռ մինչև գերմանական խորհրդարանում կայացած քվեարկությունը Էրդողանը զգուշացնում էր, որ այդ որոշումը կարող է վնասել հարաբերություններին` դիվանագիտական, տնտեսական, քաղաքական և ռազմական», - գրում է Շաֆաքը:

«Բունդեսթագում կայացած քվեարկության ժամկետի ընտրությունը վատթարագույնն էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համար», - գրում է Economist-ը: «Հենց Մերկելն էր փախստականների շուրջ համաձայնության հիմնական ճարտարապետը և ավելի քան որևէ այլ եվրոպացի առաջնորդ ցանկանում էր հասնել ներգաղթյալների խնդրի «եվրոպական լուծմանը»: Մերկելի այդ ջանքերը, սակայն, Էրդողանը որպես թուլություն ընկալեց` շարունակելով ամրապնդել իր անձնական իշխանությունը: Եվրոպայից հնչող քննադատությանն ի պատասխան էլ Էրդողանը սպառնում էր տապալել ներգաղթյալների շուրջ համաձայնագիրն ու թույլ տալ հարյուր հազարավոր գաղթականներին Թուրքիայի տարածքով անցնել Հունաստան: Ստեղծված իրավիճակում Գերմանիայում սկսեցին խստորեն քննադատել Մերկելին` նրան մեղադրելով բռնապետին ծախվելու մեջ», - գրում է Economist-ի հոդվածագիրը:

«Թուրքիայի` սեփական պատմությանն առերեսվելուց և ներկայացվող մեղադրանքները քննելուց խուսափելու պատճառներից մեկը այդ երկրի հիմնադիր հայրերի միատարր պետություն կառուցելու՝ շատ հաճախ արյունահեղությամբ ուղեկցվող փորձերն էին», - գրում է Դուբլինում լույս տեսնող The Irish Times-ը` ամփոփելով. - «Հայոց ցեղասպանությունն իր անունով կոչելու Թուրքիայի մերժման պատճառները շատ ավելի խորն են, քան պարզապես հարյուրամյա վաղեմության սխալների պարզ ժխտումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG