Ինտեգրացիոն միավորումները հաջող գործարկվում և զարգանում են անվտանգ միջավայրում, այսօր Աստանայում Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից իրադրության լարումը ԵԱՏՄ տարածաշրջանի անվտանգության համար լուրջ մարտահրավեր դարձավ։ Վտանգն ակնհայտ է՝ կամ Եվրասիական տնտեսական միության տարածքը մեր միջազգային գործընկերների կողմից կդիտվի որպես տնտեսական զարգացման, կայունության և անվտանգության գոտի, որտեղ կարելի է ներդրումներ կատարել, որտեղ կարելի է երկարաժամկետ ծրագրեր նախաձեռնել, կամ բոլորը կընտելանան այս բարդ իրավիճակին և կառաջնորդվեն այն հանգամանքով, որ այստեղ լարվածության և երկպառակտության մշտական օջախներ են», - Հայաստանի նախագահի կայքէջի փոխանցմամբ, ասել է նախագահը՝ նշելով, որ երկրորդ սցենարը չի բխում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շահերից:
Սարգսյանը նշել է, որ Հայաստանը չի կարող անմասն մնալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիվ գործողությունների դեպքում: «Իհարկե, Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը արագ վերականգնեցին իրավիճակը՝ այն վերցնելով իրենց վերահսկողության տակ: Այստեղ կարևոր դեր խաղաց Ռուսաստանը, որին Ադրբեջանը դիմել էր զինադադարի ռեժիմի վերահաստատման խնդրանքով»,- հայտարարել է Հայաստանի նախագահն ու հիշեցրել, որ Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին վստահության ամրապնդման միջոցառումների՝ շփման գծում մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատման ուղղությամբ:
Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մտադիր է հետևողականորեն աշխատել այս պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ և շարունակել փնտրել խաղաղ կարգավորում, որն առաջին հերթին հիմնված կլինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու և ինքնորոշվելու իրավունքի վրա: «Հայաստանը համաձայն է Մինսկի խմբի համանախագահների հետ, որ այդ սկզբունքը, ինչպես նաև ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքները, և տարածքային ամբողջականության սկզբունքը հանդիսանում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքը», - նշել է նա:
Հայաստանի նախագահը նաև անդրադարձել է Եվրասիական տնտեսական միություն - Եվրամիություն հարաբերություններին՝ մասնավորապես, ասելով․ - «Երկու ինտեգրացիոն միավորումների միջև համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի առևտրի, աշխատուժի, ծառայությունների և կապիտալի ազատ շրջանառության ապահովման համընկնող նպատակների ձեռքբերմանը: Այն պետք է նպաստի առանց բաժանարար գծերի ընդհանուր տարածքի ձևավորմանը»:
Ընդլայնված կազմով նիստի ավարտին նախագահները ստորագրել են ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթեր, այդ թվում` Եվրասիական տնտեսական միության նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման մասին հայեցակարգը: Հայաստանի նախագահն ընդգծել է հայեցակարգերի ընդունման նշանակությունը: «Այս որոշումների իրականացումը կօժանդակի ԵԱՏՄ տնտեսական ներուժի հզորացմանը, քանի որ էներգակիրների շուկան կարևոր գործոն է արտադրության շղթայում և դրա կանխատեսելիությունից է հաճախ կախված կայուն տնտեսական աճի հնարավորությունը: ԵԱՏՄ տարածքում ածխաջրածնային հումքի գները պետք է նպաստեն մեր տարածքում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացմանը», - ասել է Սարգսյանը:
Պուտին․ Միությունը կայացել է
Կրեմլի կայքում հրապարակվել է գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը։ Նա նշել է, որ Եվրասիական տնտեսական միության «հնգյակին» Հայաստանի և Ղրղըզստանի միանալուց հետո ստեղծվել է ընդհանուր ընդարձակ շուկա՝ ավելի քան 182 միլիոն բնակիչներով:
«Ամբողջությամբ հիմնավորված կարելի է արձանագրել, որ միությունը կայացել է որպես ժամանակակից միջազգային կազմակերպություն՝ նպատակաուղղված մեր երկրների տնտեսական զարգացման կոնկրետ խնդիրներին», - ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահը գոհունակություն է հայտնել տնտեսական հարաբերություններից, հիշատակել բարդությունները, ընթացիկ խնդիրները և ասել, որ թեև «ԵԱՏՄ-ն կախարդական հնարավորություններ չի ընձեռում», բայց, անկասկած, կօգնի հաղթահարել ընթացիկ բարդությունները:
Նշենք, որ նիստերին մասնակցել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Փորձագետները թերահավատ են
Մինչդեռ փորձագետները, ընդգծելով Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները, պնդում են, որ դրանք ուղղակիորեն բացասական ազդեցություն ունեն Եվրասիական տնտեսական միության փաստաթղթերով ամրագրված պարտավորությունների կատարման վրա:
Ալմաթիի «Թուրան» համալսարանի ռեկտոր, տնտեսագետ Ռահման Ալշանովը նկատել է, որ Ռուսաստանի քաղաքացիների եկամուտները վերջին երկու տարում կտրուկ նվազել են: Նա նաև նշել է, որ չի հաջողվել Ռուսաստանի տնտեսությունը վերադարձնել նախկին վիճակին: