Մատչելիության հղումներ

Պյոտր Սվիտալսկի․ Արդարադատության համակարգի բարեփոխումները Հայաստանի զարգացման բանալին են


Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը վստահ է՝ քանի դեռ երկրում որոշ մարդիկ իրենց ավելի հավասար են զգում, քան մյուսները, չի կարող լինել արդյունավետ ժողովրդավարություն:

«Դուք չեք կարող ունենալ արդյունավետ ժողովրդավարություն, եթե մարդիկ, ովքեր պատասխանատու են ընտրությունների կեղծման համար, պատասխանատվության չեն ենթարկվում, եթե մարդիկ, ովքեր ունեն դժգոհություններ ընտրությունների ընթացքի վերաբերյալ, չունեն բավարար հնարավորություն արդարության հասնելու համար: Դուք չեք կարող ունենալ մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանություն, եթե տարբեր փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքներ անհրաժեշտ չափով չեն պաշտպանվում: Դուք չեք կարող ունենալ օրենքի գերակայության գործուն համակարգ, եթե դատարանները չեն կարողանում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե երկրի որոշ քաղաքացիներ իրենց ավելի հավասար են զգում, քան մյուսները», - այսօր հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Հայաստանում վերջին 25 տարիներին արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումները ներկայացնող միջոցառմանը մասնակցող Պյոտր Սվիտալսկին ընդգծեց, որ Եվրամիությունն արդեն տասը տարի աջակցում է համակարգի բարեփոխումներին, և այդ նպատակով տարբեր ծրագրերի իրականացման համար արդեն տրամադրվել է 45 միլիոն եվրո:

Միջոցառմանը ներկա արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց՝ առաջիկա 4-5 տարիներին Հայաստանը աստիճանաբար կունենա միջազգային չափանիշներին համապատասխան արդարադատության համակարգ․ - «Հավատացած ենք, որ բարեփոխումների մեջ ներդրվող ընթացիկ ջանքերը հնարավորություն կընձեռեն մեզ մինչև 2020-21 թվականները աստիճանաբար համապատասխանել արդարադատության ոլորտի միջազգային լավագույն չափանիշներին: Ես իրապես լիահույս եմ, որ մենք կկարողանանք մեր բոլոր թերություններին բաց աչքերով նայել, ախտորոշել դրանք»:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը հիշատակեց արդարադատության համակարգում արձանագրված մի քանի հաջողություններ, մասնավորապես՝ այլընտրանքային պատիժների կիրառումը, պրոբացիոն ծառայության ներդրումը, և ընդգծեց՝ գործը դեռ ավարտված չէ: Սվիտալսկին նշեց, որ կարիք կա վստահություն ձևավորել հանրության շրջանում արդարադատության համակարգի նկատմամբ, հատկապես դատավորների անկախության վերաբերյալ․ - «Մարդիկ միշտ արդարություն են փնտրելու, նաև դիմելով Ստրասբուրգ, սա նորմալ ճանապարհ է եվրոպական շատ երկրներում, բայց ես հավատում եմ, որ ապագայում երկրի կայունության և երկրի ներսում ինքնիշխանության զգացողության համար անկախ, արդյունավետ, վստահելի արդարադատության համակարգը ունի էական նշանակություն»:

Նախարար Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ 25 տարին քիչ ժամանակ չէ արդարադատության համակարգի լիակատար վերափոխման համար, և Հայաստանն այսօր ունի ժամանակակից արդարադատության համակարգի բոլոր առանցքային կառույցները, սակայն խորհրդային ժամանակներից մնացել է խիստ բացասական ժառանգություն․ - «Խորհրդային տարիներին ունեինք բացարձակ կախյալ և ձայնազուրկ դատական համակարգ, խիստ ֆորմալ ընտրված դատավորներ, որոնք առաջնորդվում էին կուսակցական նոմենկլատուրայի ցուցումներով: Մի համակարգ, որի խնդիրը, մեծ հաշվով, պետությանը անձից պաշտպանելն էր: Մենք այս արժեհամակարգը փոխելու ուղղությամբ մինչ օրս էլ աշխատում ենք»:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն «Ազատության» հետ զրույցում ընդգծեց՝ Հայաստանում Սահմանադրությամբ հռչակված է դատական համակարգի անկախությունը, սակայն հաշվի առնելով այն, որ համակարգը գործող Սահմանադրությամբ, ըստ էության, ձևավորվում է նախագահի կողմից, այն իշխանությունից անջատ լինել չի կարող․ - «Անկախ դատական իշխանությունը պետության ողնաշարն է, և եթե չունես անկախ դատական իշխանություն, այդտեղից է ստեղծվում և՛ անպատժելիության մթնոլորտը, և՛ ընտրովի արդարադատությունը, և՛ տնտեսական մրցակցության չգործելը, և՛, ինչպես պարոն դեսպանը ասում էր, նաև ընտրությունների կեղծիքները»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վիճակագրության համաձայն՝ հայաստանյան արդարադատության համակարգի թույլ տված իրավունքի խախտումների դեպքերով ընդհանուր առմամբ ստրասբուրգյան դատարանում Հայաստանի դեմ կայացվել է 60 վճիռ: Միայն 2015-ին պետական բյուջեից քաղաքացիներին վճարվել է ավելի քան 230 հազար եվրո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG