Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների շահերի պաշտպաններն այսօր Ռուսաստանի Դաշնության դեմ քաղաքացիական հայց ներկայացրեցին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ավետիսյանների ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը նշեց, որ Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով բարոյական վնասի փոխհատուցումը պահանջում են հենց Ռուսաստանից, քանի որ սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը, ով հոգեկան խնդիրներ է ունեցել, զենք կրելու սահմանափակում է ունեցել, ավելին՝ Ռուսաստանում ծառայության ժամանակ 8 անգամ դասալքության փորձ է կատարել, ի սկզբանե չպետք է հայտնվեր Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի կարգավիճակում:
Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ հավելեց` իրենց վստահորդները քաղհայցը ներկայացրել են, որպեսզի Ռուսաստանը իմանա, որ պատասխանատվություն կկրի, եթե հետագայում շարունակի նման գործողությունները. - «Մենք գտնում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է շատ զգույշ լինի և Հայաստանի Հանրապետություն ուղարկի այն զինծառայողներին, որոնք իրականում ընտրյալ պետք է լինեն»:
Դատարանը հարցրեց նաև Պերմյակովի դիրքորոշումը, վերջինս պատասխանեց` իր համար միևնույն է:
Հունիսի 30-ին` դատական հաջորդ նիստի ժամանակ, պարզ կդառնա, թե Ռուսաստանի Դաշնությունն ինչպես կարձագանքի ներկայացված հայցին: