Մատչելիության հղումներ

Չճանաչված տարածքների ֆուտբոլի աշխարհի առաջնություն


A խմբում Աբխազիայի և Չագոսյան կղզիների թիմերի հետ ընդգրկված է Արևմտյան Հայաստանի հավաքականը։

Ամռանը ֆուտբոլի երկրպագուների համար լարված շրջան է՝ հունիսի 3-ին Միացյալ Նահանգներում մեկնարկում է Copa America-ն՝ ամերիկյան ֆուտբոլային ֆեդերացիաների 2016 թվականի առաջնությունը, որին նախկինում մասնակցել են հարավամերիկյան հավաքականները, սակայն մրցաշարն այս տարվանից ընդարձակվել է, իսկ հունիսի 10-ից Ֆրանսիայում սկսվում է Եվրոպայի առաջնությունը։

Մինչդեռ, վաղը Աբխազիայում սկսվելու է մի շատ ուշագրավ մրցաշար՝ Conifa-ն։ Դա Չճանաչված տարածքների համաշխարհային գավաթի խաղարկությունն է։ Conifa-ի կազմակերպիչները մրցույթն անվանել են «ՖԻՖԱ-ից դուրս աշխարհի ֆուտբոլի առաջնություն»։

A խմբում ընդգրկված են Աբխազիայի, Չագոսյան կղզիների և Արևմտյան Հայաստանի հավաքականները։

Աբխազիան Վրաստանից անջատված տարածքն է, որի անկախությունը Ռուսաստանն է ճանաչել։

«Չագոսյան կղզիներ» անվամբ տարածքն ընդգրկում է Հնդկական օվկիանոսում գտնվող մոտ վեց տասնյակ արևադարձային կղզիներ, որոնց պատկանելությունը վիճարկում են Մեծ Բրիտանիան և Մավրիկիոսը։

Ինչպես մրցաշարի կազմակերպիչներն են նշում, Արևմտյան Հայաստանը Արևելյան Թուրքիայի լեռնային շրջանն է, որը մինչև 1915 թվականի Ցեղասպանությունը պատմականորեն բնակեցված էր հայերով։

B խմբում են Քրդստանի, Շեկելի երկրի, Ճապոնիայի միավորված կորեացիների ընտրանիները։

«Քրդստան» են անվանում Իրաքում, Սիրիայում, Թուրքիայում և Իրանում սփռված ընդարձակ տարածքը, որտեղ բնակվող քրդերը սեփական պետականություն չունեցող աշխարհի ամենամեծ ազգային խմբերից են։

«Շեկելի երկիր» են անվանում Ռումինիայի կենտրոնում գտնվող մի գավառ, որտեղ ապրում են հունգարացիների ազգային ենթախմբին դասվող շեկելիները։

Ճապոնիայի էթնիկ կորեացիներին անվանում են նաև «Զաինիչի կորեացիներ», նրանց նախնիներին ճապոնացիները՝ կայսերական իշխանության օրոք, բռնի ուժով Կորեայից փոխադրել են Ճապոնիա և շահագործել գրեթե որպես ստրուկների։

C խմբում են Հյուսիսային Կիպրոսի, Պադանիայի և Ռաետիայի հավաքականները։

Հյուսիսային Կիպրոսը 1974 թվականին թուրքերի կողմից գրավված տարածքն է, որի անկախությունը միայն Թուրքիան է ճանաչել։

Պադանիան Իտալիայի հյուսիսում գտնվող գավառ է, որտեղ բնակվող անջատականները երազում են անկախ երկիր ստեղծելու մասին։

Ռաետիան հին հռոմեական գավառ է, որի հատվածները հիմա գտնվում են Ավստրիայի, Շվեյցարիայի և Հարավային Գերմանիայի տարածքներում։

D խմբում Փենջաբը, Սապմին և Սոմալիլանդը։

Փենջաբի ֆուտբոլի թիմի անդամները մշտապես ապրում են Մեծ Բրիտանիայում և ներկայացնում են համայնքը, որի բնակիչները Միացյալ Թագավորություն են տեղափոխվել Հնդկաստանի հյուսիսից և Պակիստանի արևելքից։

Սապմին, կամ, ինչպես անգլերեն են ասում՝ Լապլանդիան, սամի ժողովրդի երկիրն է, այն գտնվում է ներկայիս Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի և Ռուսաստանի Դաշնության տարածքներում։

Իսկ Սոմալիլանդը Ադենի ծոցում Սոմալիից 1991 թվականին անջատված տարածք է, որը միջազգային ճանաչում չունի։

Այս զարմանալի մրցաշարը կավարտվի հունիսի 5-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG